Doing Digital Forum. դեպի թվայնացված աշխարհ ու նոր զարգացումներ

Doing digital Forum. ընթացք դեպի թվայնացող աշխարհ՝ բացահայտելու փոխակերպումների դարաշրջանի արդի մարտահրավերները։ Եվ այս ամենը՝ Ամերիաբանկի ուղեկացությամբ։

Թվային աշխարհի կանոններն ու պահանջները հայկական շուկայում կիրառելու հնարավորությունները քննարկելու համար «Spring PR»-ն ու Ամերիաբանկը համախմբել են ոլորտի լավագույններին՝ աշխարհի տարբեր կետերից։

Ամերիաբանկի Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանի խոսքով՝ փոխակերպումը երբեք չի ավարտվում, դա անդադար գործընթաց է։

«Ամերիան շարունակական վերափոխման հիանալի օրինակ է։ Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի թվային փոխակերպման առաջամարտիկ` վերջին 5-6 տարիներին մենք կրկին բացահայտել ենք ինքներս մեզ՝ ստեղծելով ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր: Մեր «ինչու»-ն, մեր մեծ երազանքը, մեր առաքելությունն է բարելավել կյանքի որակը և Հայաստանը դարձնել բիզնես և ներդրումային օրինակելի միջավայր: Այս ճանապարհորդության ընթացքում մենք երբեք չենք դադարել արժևորել գործընկերության կարևորությունն ու ուժը: Ահա թե ինչու այսօր որպես համակազմակերպիչ միացել ենք այս միջոցառմանը, հյուրընկալել բանախոսների և փորձագետների ամբողջ աշխարհից ու բացել քննարկում հայաստանյան ամբողջ ֆինթեք ոլորտի համար»,- նշեց նա։

Փոխակերպվել ավելի լավը, ավելի մրցունակ դառնալու և կյանքի ռիթմը բաց չթողնելու համար։ Միայն թե պետք է հասկանալ՝ ինչպե՞ս նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության։ Փոխակերպումների և ֆինթեքի միջազգային փորձագետ և միջոցառման գլխավոր բանախոս Քրիս Սքիներն առաջարկում է նախ ուսումնասիրել ու հասկանալ, թե ինչ է կատարվում թվայնացող աշխարհում։

«Չափազանց կարևոր է հասկանալ, որ թվային փոխակերպման համար առաջնահերթը ճիշտ կառավարում իրականացնելն է։ Եթե ֆինանսական կազմակերպությունը չհասկանա՝ փոփոխությունների գնալու հիմնական նպատակը, ապա դրան գնալը ռիսկային է։ Բայց այստեղ խոսքը միայն ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների մասին չէ, պետական մակարդակով պետք է իրականացվեն փոխակերպումները։ Բայց, նախ պետք է միջավայրը հարմարեցնել, պատրաստել դրան»,- շեշտեց Սքիները։

Թվային փոխակերպման գնալու հնարավորություններ Հայաստանում ևս կան, ավելին՝ մեր երկիրը կարող է դառնալ տրանսֆորմացիայի և ինովացիոն տեխնոլոգիաների հաբ։ «Spring PR» կազմակերպության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանի դիտարկմամբ՝ հիմա ճիշտ ժամանակն է խոսել այն փորձից ու աշխատանքներից, որ ունեն ընկերությունները թվային տրանսֆորմացիայի ճանապարհին, հասկանալ ինչ խնդիրներ կան ու բերել միջազգային փորձը։

Հայաստանը միջազգային շուկայում ավելի մրցունակ դարձնելու նպատակով է փոխակերպման երրորդ փուլն անցած Ամերիաբանկն այս ֆորումի ընթացքում գործընկերներին ներկայացնում իր փորձն ու ձեռքբերումները՝ վստահեցնելով, որ ճիշտ դիրքավորվելու դեպքում մենք կարող ենք տարածաշրջանում թվային առաջատարը լինել։

Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը վստահեցնում է՝ սա ընդամենը սկիզբն է։

«Սա ճամփորդություն է, որի առաջին քայլն արել ենք։ Մենք գտնվում ենք փոխակերպման փուլում, ինչը ևս մարտահրավեր է։ Մեր գործող ծառայություններին զուգահեռ մենք փոխակերպումների ենք գնում։ Եվ մյուս ընկերություններին էլ խորհուրդ ենք տալիս՝ մշակել այն ճարտարագիտությունն ու ճանապարհային քարտեզը, որով առանց ընթացիկ աշխատանքները խաթարելու հանրավոր կլինի փոխակերպումների գնալ»,- նկատեց Շամցյանը։

Փոխակերպման ճանապարհին Ամերիաբանկում մեծապես կարևորում են աշխատակիցների մտածելակերպի փոփոխությունն ու փոխակերպումը: Այդ նպատակով նախորդ օրը Քրիս Սքիները հատուկ վարպետության դաս է անցկացրել հենց Ամերիաի աշխատակիցների համար:

Աշխատել, զարգանալ ու վերափոխվել, որպեսզի էլ ավելի հարմարավետ դառնա կյանքն ու խնայվի ամենաթանկը՝ ժամանակը․ սա է թվայնացող աշխարհի հիմնական նպատակը, որը Հայաստանում իրագործել են խոստանում ֆորումի պատասխանատուներն ու հայտնի խոսնակները։