Մինչեւ ազատվենք այս իշխանություններից. զոհվածների ծնողները սկսում են քաղաքական ակցիաներ

ՀՀ քննչական կոմիտեի մոտ 24 ժամ սպասելուց հետո, այսօր զոհված զինծառայողների ծնողները հայտարարեցին, որ ավարտված են համարում իրավական դաշտում պայքարը եւ սկսում են քաղաքական ակցիաները։
«Այսօրվանից մեր պայքարը քաղաքական դաշտում է լինելու։ Մեր ակցիաները լինելու են շարունակական, վաղը ծնողներով քննարկում ենք ունենալու, երկուշաբթի օրը հայտարարություն կանենք։ Ակցիաները այնքան են շարունակելու, մինչեւ կարողանանք ազատվել օրվա իշխանություններից։ Դիմում ենք բոլոր առողջ ուժերին՝ գալ մեզ հետ հանդիման եւ քննարկումների։ Մենք քաղաքական ուժ չենք, ծնողներ ենք, որ կորցրել ենք մեր ամենաթանկը եւ չենք ուզում նոր զոհեր ունենալ»,-ասաց 44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը՝ բոլոր հայերին կոչ անելով միանալ ու վռնդել այս իշխանությանը։
44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների դժգոհության ալիքը բարձրացավ ՀՀ քննչական կոմիտեի «անգործության» պատճառով։ Բանն այն է, որ վարույթն իրականացնող մարմինն ամիսներ շարունակ ոստիկանների հետ առերեսումների էր հրավիրում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների այն ծնողներին, ովքեր անցած տարի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը, «Եռաբլուրում» էին արգելելու Փաշինյանի մուտքը զինվորական պանթեոն։ Ոստիկանության աշխատակիցները՝ ծառայողական պարտականությունները կատարելիս, ծնողների մի մասին, այդ թվում նաեւ մայրերին, ուժով բերման ենթարկեցին։
Տեղի ունեցած միջադեպից հետո զոհվածների ծնողների բողոքի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կարմիր բերետների գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանն ասել է, որ ծնողներին բերման ենթարկելու հրամանը ինքն է տվել եւ այն օրինական է եղել։ Բացի այդ, ըստ ծնողների, առերեսումների ժամանակ ոստիկանները ներողություն են խնդրել ծնողներից, այդպիսով նաեւ ընդունելով իրենց մեղավորությունը։ Այս իրողությունները, ըստ ծնողների, բավարար հիմք են՝ ոստիկանների նկատմամբ մեղադրանք առաջադրելու, բայց քննչական կոմիտեն գործը «քնեցնում է»։
«Ուղիղ մեկ տարի անցավ այն օրից, երբ Նիկոլը հայտարարեց, որ կարող էր կանգնեցնել պատերազմը, կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի։ Ինքնախոստովանական ցուցմունք է տվել եւ ուղիղ ասել, որ ինքն է սպանել զինվորներին։ Սա պետք է ազդակ լիներ ծնողներին, որ իրենց տղաներին էլ է սպանելու։ Նոր զոհեր չունենալու համար ոտքի ելանք, կոչ արեցինք՝ միանալ մեզ։ Ականջալուր չեղան, ունեցանք 2022 թ․-ի սեպտեմբերյան մարտերը, հետո Ազատ գյուղի դեպքերը, օրեր առաջ Տեղ գյուղի սպանությունները։ Բոլոր տարածքները հանձնում են, մեր տղաներին սպանում են»,-ասաց Ռոստոմյանը։
Լիա Սարգսյան