Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն արտացոլողն է .Մաթևոսյան

Հասկանալու համար, թե ինչ արժեք ունեն ՄԱԿ-ում ընդունված բանաձևերը, պետք է վերհիշել, որ 90-ականներին Հայաստանի դեմ ընդունվել են բանաձևեր։ Տարիներ շարունակ Ադրբեջանն այդ բանաձևերը, դրոշակ դարձնելով, փորձել է տարբեր միջազգային կառույցներում իր տեսակետներն առաջ մղել, սակայն հայկական կողմը շատ բարեհաջող կարողանում էր չկատարել դրանք։ Արդյունքում ՝ ստիպված եղանք այդ բանաձևերում արձանագրված կետերը կատարել միայն ռազմի դաշտում իրավիճակի փոփոխությունից հետո։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։
Նրա խոսքով, անգամ եթե հայկական կողմի ներկայացուցիչները շատ հայանպաստ բանաձև փորձեն առաջ քաշել՝ խնդիրը միևնույն է մնում է այն, որ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի իշխանությունների տեսակետներն արտացոլողն է։
«Այստեղից էլ հետևում է, որ ցանկացած պարագայում Ադրբեջանը կարող է ասել, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի մաս»,- ասաց նա։
Մաթևոսյանը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունի հինգ մշտական անդամ, և նշեց, թե խիստ կասկածում է, որ հայկական դիվանագիտությունը վերջին տարիներին կարողացել է ձևավորել նրանց մոտ այնպիսի հայանպաստ դիրքորոշում, որ կոնսենսուսի միջոցով հնարավոր լինի ընդունել հայանպաստ բանաձև։
«Մենք բախվում ենք նաև մեկ այլ խնդրի հետ, այն է՝ Ադրբեջանը ինչ-որ գործողություններ է անում և հետո միայն հայկական կողմն արձագանքում է և պատասխան հրապարակում անում։ Հայկական կողմը նախաձեռնողի դերում չէ, այլ միայն արձագանքողի»,- նշեց մեր զրուցակիցը։
Ամփոփելով Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից կամ բանաձևերից սպասումներ և մեծ ակնկալիքներ ունենալը էմոցիաների դաշտից է միայն։
Մարիա Զարգարյան