Վթար՝ Երևանում. անչափահաս տղան Toyota-ով բախվել է ՆԳՆ շենքի պատին, վիրավոր կա

Վթար՝ Երևանում. անչափահաս տղան Toyota-ով բախվել է ՆԳՆ շենքի պատին, վիրավոր կա

Այսօր՝ փետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Սոս Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական շենքի պատին՝ կոտրելով Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ տեղադրված ճաղավանդակը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, ՌԴ քաղաքացի 20-ամյա Անաստասիա Ն-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հերթապահ մասի աշխատակիցները, քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
 
Վիրավորը դուրս է բերվել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցվել շտապօգնության ավտոմեքենային: Քննիչի հանձնարարակնով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք։ Դեպքի վայրում հավաքվածներն էլ նշում էին, որ վարորդը կին է եղել, սակայն այդ տեղեկությունը ոստիկանները ճշտում են՝ այդ թվում վթարի հարակից տարածքում տեղադրված խցիկների նկարահանածը ուսումնասիրելու միջոցով, իսկ ավտոմեքենան վարձույթով է վերցված եղել:



Տեղում լրացուցիչ շտապօգնություն է ժամանել և բժիշկները օգնություն են ցուցաբերել ավտոմեքենայում գտնվող ևս 3 հոգու, որոնցից մեկը ևս ՌԴ քաղաքացի է և աղջիկ:

Սակայն նրանք բժիշկների կողմից տեղում բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոց մեկնել:

Բախման հետևանքով էլ ավտոմեքենայի առջևի անվահեծանը կոտրվել է: