Նոր խնդիր. Արցախում պահանջում են կոմունալները վճարել, այլապես կանջատեն հոսանքն ու գազը

Նոր խնդիր. Արցախում պահանջում են կոմունալները վճարել, այլապես կանջատեն հոսանքն ու գազը

Արդեն տաս օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է և կտրված աշխարհից:

Բազմաթիվ խնդիրներին գումարվել է ևս մեկը՝ եկել է կոմունալները վճարելու ժամանակը, սակայն, ինչպես MediaHub-ն ավելի վաղ գրել էր, մարդկանց ձեռքին գումար չկա՝ բանկոմատները դատարկ են:

Արցախի Մարտակերտից MediaHub-ին ահազանգում են՝ կոմունալների վճարումների ժամանակն է և իրենք կանգնել են լուրջ խնդրի առաջ.

«Էլեկտրաէներգիայի և գազի վճարումները պահանջում են, որ վճարենք: Բայց ո՞նց վճարենք, եթե ձեռքներիս գումար չկա: Բանկոմատները դատարկ են, բանկը գումար չի տալիս կամ տալիս է խիստ սահմանափակ քանակությամբ, ինչպե՞ս պիտի վճարենք: Էլեկտրիկն էլ եկել ասում է՝ կանջատեմ, եթե վճարումները ժամանակին չանեք: Էս վիճակներից մենակ դա է մեզ պակաս»,- նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, խնդիրների մի ողջ ներկապնակ է. կոմունալների վճարումները պահանջում են, բայց, օրինակ, կենսաթոշակառուների մի մասն է միայն թոշակ ստացել, իսկ երեխաների նպաստը և զինվորական թոշակները դեռ մարդկանց չեն տրվել ու որևէ մեկը հստակ չի ասում, թե երբ կլինի: 

«Բանկոմատները չեն աշխատում, միայն «Արցախբանկն» է աշխատում, էն էլ սահմանափակ քանակությամբ է մարդկանց գումար տալիս՝ 50 000 դրամ:

«Հայբիզնեսբանկն» էլ է մեկ էլ աշխատում, ենթադրում եմ, որ ֆինանսական դեռ ռեսուրս ունի, որովհետև ռուս խաղաղապահները միայն այս բանկով են կանխիկացնում իրենց գումարները»,- ասաց մեր զրուցակիցը: 

Նա նաև նշեց, որ սննդի խնդիրն էլ արդեն բավականին իրեն զգացնել է տալիս՝ նույն Մարտակերտում արդեն շաքարավազի և առաջին այլ անհրաժեշտության ապրանքների խնդիր կա:

«Փողի խնդիր կա, մի հատ էլ բլոկադայի մեջ գտնվող երկրում կոմունալ վճարենք, ո՞նց: Ոնց կարան նման պահանջ մեզ հիմա ներկայացնեն ես դա չեմ հասկանում: Բա էս մարդիկ մեղկ չեն»,- հավելեց նա: