«Դատախազաթնջուկ». ինչու են Արցախում կողմ Արթուր Դավթյանի թեկնածությանը

«Դատախազաթնջուկ». ինչու են Արցախում կողմ Արթուր Դավթյանի թեկնածությանը

Տևական ժամանակ է՝ հայկական երկու պետությունների օրակարգային թեմաներին ավելացել է ևս մեկը՝ Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ նշանակելու հարցը։ 

Այս պահին ամենաշատը շրջանառվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի անունը, որն օրեր առաջ մեկնել է Արցախ։

MediaHub-ի տեղեկություններով՝ Արցախում Դավթյանի նշանակման վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ շ

Ինչպես երեկ էինք գրել՝ շրջանակներ կան, որ հավանական են համարում, ինչու չէ՝ ցանկանում են, որ գլխավոր դատախազ նշանակվի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը։ Սակայն Գաբրիելյանի թեկնածությունը ևս միանշանակ չի ընդունվել արցախցիների կողմից։

MediaHub-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այնպես չէ, որ Արցախում բոլորը վստահում են տեղի թեկնածուին և ավելի հակված են գլխավոր դատախազի պաշտունում տեսնել Արթուր Դավթյանին (գուցե նաև այն պատճառով, որ գոնե այս պահին այս երկու թեկնածուներից զատ այլ անուններ չեն շրջանառվում)։ 

Ի դեպ, Դավթյանի թեկնածության կողմնակիցներն առաջ են բերում այն թեզը, թե վերջինս արմատներով Արցախից է՝ Մարտակերտի շրջանի Չայլու գյուղից։ Կոնկրետ՝ նրա մայրն է այդ գյուղից:

Ավելի վաղ MediaHub-ը գրել էր, որ Արթուր Դավթյանը ՀՀ քաղաքացի է, ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ Դավթյանը գրանցված է Շիրակի մարզի հայրենի գյուղում՝ Հոռոմում, և նրա կենսագրության մեջ հենց այդպես էլ նշվում է և խոսք չկա Արցախի մասին: Ինչևէ:

Նշենք, որ նրա թեկնածությանը դեմ արտահայտվողները առաջ են քաշում հիմնական թեզը, այն է՝ Դավթյանն Արցախի քաղաքացիություն չունի: Բայց սա այդքան էլ էական խնդիր չի. Ինչպես ավելի վաղ գրել էինք, Արցախի քաղաքացիությունը շնորհում է նախագահը, այդ գործընթացը, ըստ էության, որևէ ժամանակ չի պահանջում, իսկ Արցախի Սահմանադրությունը սահմանում է, որ ազգությամբ հայերը ԱՀ քաղաքացիություն ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով (հոդված 47)։ Նշենք նաև, որ Արթուր Դավթյանը չունի պասիվ ընտրական իրավունք։ Քաղաքացին հաշվառման պահից ձեռք է բերում ընտրելու իրավունք, ոչ ավելին։

Այդուհանդերձ, այս պահի դրությամբ հարցում որևէ տեղաշարժ չկա. MediaHub-ը զրուցեց Արցախի ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի հետ, վերջինս նշեց՝ մինչ օրս որևէ թեկնածուի մասով ԱԺ միջնորդություն չի ներկայացվել։