Թվացյալ խաղաղության դիմաց հայ ժողովուրդը չի հաշտվի Արցախի Ադրբեջանի կազմում լինելու հնարավորության հետ․ ԱՀ-ում մտահոգված են Փաշինյանի հայտարարություններից

Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվող խաղաղության պայմանագիրը պետք է դուրս մղի Արցախի հիմնահարցը, Հայաստանի խաղաղությունը պետք է Արցախն Ադրբեջանին հանձնելու կոնտեքստում դիտարկվի, ապա դա անըդունելի է թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում ապրող ժողովրդի, աշխարհասփյուռ հայերի համար։
Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել, ԼՂ հարցի շահառուն պիտի լինի ԼՂ ժողովուրդն իր ընտրված ներկայացուցիչների միջոցով։
«Եթե Բաքուն ճանաչելու է Արցախի Հանրապետությունը որպես անկախ պետություն և այդ համատեքստում են գնալու բանակցությունները՝ այդ դեպքում կարող է լինել։ Դուք տեղյակ եք՝ Արցախի Հանրապետության նախագահը նշել է, որ այս պահին ինչ-որ շփումներ կան նաև ադրբեջանական կողմի հետ։ Շփումները պետք է լինեն Արցախի սուվերենությունը ճանաչելու համատեքստում։ Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,-ասաց նա։
Սեյրան Հայրապետյանի խոսքով՝ Հայաստանի, Արցախի ցանկացած իշխանություն իրավունք չունի ոչ հայանպաստ դիրքորոշումով բանակցությունների գնալ ։
«Մենք ձեր մտահոգությունները կիսում ենք, մենք Արցախի ժողովրդի ինքնորոշման համար շատ թանկ գին ենք վճարել։ Հույս ունեմ, որ գործուն քայլեր են կատարվում, որպեսզի Արցախն Ադրբեջանի կազմում չհայտնվի։ Մենք մեր դիրքորոշումն ասել ենք նաև Հայաստանի խորհրդարանում պատվիրակության կազմով հանդիպումների ժամանակ։ Կոչ ենք անում բոլորին հստակ գիտակցել ՝ դա մեր վերջնանպատակն է»,-ասաց նա։
Սեյրան Հայրապետյանն ընդծեց, որ Արցախի ժողվուրդն հանրաքվեի միջոցով իր խոսքն ասել է՝ ԱՀ-ն անկախ պետություն է, միջազգային հանրությունը վաղ թե ուշ ճանաչելու է։
Նրա դիտարկմամբ, թշնամու սադրանքներին պետք չէ տրվել, անհրաժեշտ է ուժեղացնել բանակը, դիվանագիտությունը։ «Թվացյալ խաղաղության դիմաց հայ ժողովուրդը չի հաշտվի Արցախի Ադրբեջանի կազմում լինելու հնարավորության հետ»,-եզրափակեց նա։
Անի Գևորգյան