Բլինքենը հնչեցրեց ՌԴ-ի հետ կապերը խզելու դիմաց ՀՀ-ին վճարվող գինը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում Նիկոլ Փաշինյանի և Ուրսուլա ֆոնե դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ աջակցում է Հայաստանի Հանրապետության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Մենք աջակցում ենք այն գաղափարներին, պարոն վարչապետ, որոնք ընկած են Ձեր՝ «Խաղաղության խաչմերուկ» առաջարկի հիմքում: Մենք տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս՝ նոր տրանսպորտային երթուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հեռահաղորդակցություններով։ Սա կնպաստի դիվերսիֆիկացված տնտեսություններին, հնարավորությունների ընդլայնմանը և կխթանի խաղաղության և հաշտեցման ջանքերը»,- հայտարարել է պետքարտուղարը:
Էնթոնի Բլինքենի խոսքով` հզոր ապագա կա տարածաշրջանի հետ, որն ավելի ու ավելի է ինտեգրվում, և որն օգուտ կբերի մարդկանց ու երկրներին: «Եվ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ցանկանում են օգնել ձեզ կառուցել դա»,- ասաց Բլինքենը՝ հավելելով, որ անհամբեր սպասում է արդյունավետ քննարկման։
Բլինքենը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին գործընկերության համար՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի և շատ ամուր հիմք է ստեղծում նաև նրա համար, ինչ կարող է համատեղ ուժերով արվել ապագայում:
«Մենք հավաքվել ենք այստեղ վերահաստատելու անդրատլանտյան աջակցությունը հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված ու խաղաղ Հարավային Կովկասի տարածաշրջանին: Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ, իր հարևանների հետ խաղաղության մեջ ապրող՝ տարածաշրջանի և աշխարհի հետ կապվածությամբ: ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ցանկանում են գործընկեր դառնալ այս հարցում. կարծում եմ, որ այս օրը այդ ամենի վկայությունն է»,- հայտարարել է Բլինքենը՝ հավելելով, որ անհրաժեշտ է օգտագործել հայ ժողովրդի և նրա առաջնորդների ընտրության այս պահը։
Պետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ը ներդրումներ է կատարում, որոնք համահունչ են ՀՀ վարչապետի ջանքերին՝ ուղղված տնտեսական բարեփոխումներին։
«Մենք նախատեսում ենք ավելի քան 65 միլիոն դոլարի օգնություն տրամադրել։ Այս ցուցանիշը 50%-ով ավելի է, քան 2 տարի առաջ։ Մենք մտադիր ենք հետագայում ևս մեծացնել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանն ու տնտեսական կայունությանը՝ ներդրումներ կատարելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգետիկայի դիվերսիֆիկացման, առևտրային գործընկերների դիվերսիֆիկացման և վարչապետի կողմից սահմանված այլ առաջնահերթությունների մեջ»,- ընդգծել է Բլինքենը: