Օլիմպիադա․ Հայաստանի թիմը հաղթեց հնդիկներին եւ առաջատարն է

Օլիմպիադա․ Հայաստանի թիմը հաղթեց հնդիկներին եւ առաջատարն է

Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը օգոստոսի 3-ին մրցեց Հնդկաստանի երկրորդ թիմի հետ եւ առավելության հասավ 2,5:1,5 հաշվով։

Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սեւ ֆիգուրներով պարտվեց Դոմարաջու Գուկեշին, երկրորդ համար Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ ոքի խաղաց Սարին Նիհալի հետ։

Երրորդ համար Սամվել Տեր-Սահակյանը սեւերով պարտության մատնեց Բասկարան Ադհիբանին։ Չորրորդ համար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով առավելության հասավ Ռաունակ Սադհվանիի նկատմամբ։

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5) եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Օգոստոսի 4-ին Օլիմպիադայում հանգստյան օր է։