Եղեգնաձորը կդառնա ավելի կանաչ ու մաքուր քաղաք․ ԵՄ-ն օգնում է հայրենադարձներին զարգացնել սեփական բիզնեսը 

Եղեգնաձորը կդառնա ավելի կանաչ ու մաքուր քաղաք․ ԵՄ-ն օգնում է հայրենադարձներին զարգացնել սեփական բիզնեսը 

Եղեգնաձորը հավակնում է դառնալ Հայաստանի ամենամաքուր քաղաքներից մեկը։

10 տարի Ռուսաստանի մայրաքաղաքում ապրելուց հետո Հայկ Եղյանը 2021-ին վերադարձավ հայրենիք, հիմնադրեց «Մաքուր քաղաք» ընկերությունն ու սկսեց աղբի վերամշակման գործընթացը։

Այս աշխատանքն այնքան են հավանել եղեգնաձորցիները, որ իրենք են աղբը տեսակավորում, նվիրում, հաճախ նաև վաճառում երիտասարդ գործարարին։ 

Կարճ ժամանակում աղբի վերամշակումը դարձավ բիզնես։ «Այստեղ վերամշակում ենք գրեթե ամեն ինչ՝ պլաստիկ, ապակի, թուղթ, պոլիէթիլենային թաղանթ, երկաթ ու ապակու մնացորդներ։ Այս խորանարդիկները գործարանների համար դառնում են հումք, դրանցից հետագայում ստանում են կենցաղում օգտագործվող պլաստմասսե իրեր, գյուղատնտեսական խողովակներ։ Հայաստանում աղբի վերամշակումը զարգացած բիզնես չէ։ Գործարանները հումքը հիմնականում ձեռք են բերում Ռուսաստանից և Իրանից։ Դրա համար որոշեցի այս աշխատանքով զբաղվել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Հայկը։ 

Ձեռնարկությունն ամբարձիչի կարիք ունի։ Դիմելով միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին՝ մեր զրուցակիցը դարձել է «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագրի շահառու։ 

Դրամաշնորհը կօգնի, որպեսզի ձեռք բերվի անհրաժեշտ տեխնիկան, թեթևացնի աշխատանքի տարողունակությունը, ընդլայնի ծավալը։ Հայկ Եղյանի աղբի վերամշակման բիզնեսը կկրճատի Եղեգնաձորի աղբի 50-ից 60 տոկոսը։ 

Այսպիսով, Եղեգնաձորը կդառնա ավելի կանաչ և ավելի մաքուր քաղաք։

Հունան Թադևոսյան