Մակրոնն ու Սթարմերը ցանկանում են համոզել Թրամփին թե՛ Ռուսաստանի, թե՛ խաղաղապահ առաքելության հարցով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կփորձեն համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրաժարվել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններից՝ Ուկրաինայի ապագա անվտանգության ապահովման եվրոպական պարտավորությունների դիմաց։ Այս մասին գրել է Times թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ։
Երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են համակարգել իրենց մոտեցումները եւ փորձել ազդել Թրամփի՝ հակամարտությունը դադարեցնելու ծրագրերի վրա։
Մակրոնի այցը Վաշինգտոն կկայանա երկուշաբթի օրը, Սթարմերը հինգշաբթի կայցելի ԱՄՆ։
Փետրվարի 18-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները բանակցություններ են վարել, որոնք տեւել են մոտ 4,5 ժամ։ Հանդիպմանը Ռուսաստանը ներկայացրել են արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրեւը։
Բանակցություններին ԱՄՆ-ը ներկայացրել են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆֆը։
Մակրոնը և Սթարմերը նաև Վաշինգտոնում կփորձեն համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին սահմանափակ ռազմական աջակցություն ցուցաբերել եվրոպական խաղաղապահ ուժերին, որոնք կտեղակայվեն Ուկրաինայում, եթե պատերազմը դադարեցնելու համաձայնություն ձեռք բերվի, հաղորդել է «The Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։