Huawei-ը ծալովի նոր հեռախոս է թողարկել (տեսանյութ)

Չինական Huawei կորպորացիան ներկայացրել է ծալովի Pocket 2 սմարթֆոնը։ Այս մասին հայտնել է GizmoChina-ը՝ ընկերության նյութերին հղումով։
Սարքն ունի ծալովի դիզայն, որը հիմնված է հորիզոնական ծխնիի վրա։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ գաջեթի ամրությունն ապահովելու համար արտադրության մեջ օգտագործել են օդատիեզերական դասի հրթիռային պողպատ և թրծված ապակի։ Սարքը հագեցած է 6,94 դյույմանոց LTPO OLED էկրանով՝ 2690x1136 պիքսել թույլատրությամբ և 120 հերց հաճախականությամբ։ Հետևի վահանակի վրա կա լրացուցիչ 1,15 դյույմանոց OLED էկրան:
Huawei Pocket 2-ն աշխատում է Kirin 9000S պրոցեսորով, ունի 12 գիգաբայթ օպերատիվ հիշողություն և 256 գիգաբայթից մինչև 1 տերաբայթ ներքին հիշողություն: Հետևի մասում տեղադրված է տեսախցիկ՝ 50, 12, 8 և 2 մեգապիքսել ոսպնյակներով։ Թողարկված հեռախոսն ապահովում է օպտիկական կայունացում ու 3x օպտիկական խոշորացում: Սարքը ստացել է նաև արբանյակային կապի աջակցություն։
Pocket 2-ն ունի 4520 միլիամպ/ժամ հզորությամբ մարտկոց՝ 66 Վտ արագ լարով լիցքավորմամբ: Սմարթֆոնն ունի Wi-Fi, Bluetooth 5.2, NFC: Սարքն աշխատում է HarmonyOS 4.0 օպերացիոն համակարգով: