Ոստիկանների կիրառած բիրտ ուժը ոչ միայն չի կաշկանդում ցուցարարներին, այլև ավելի է համախմբում և միավորում նրանց

Արդեն հայտնել ենք, որ այսօր վաղ առավոտյան ընդդիմությունը Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ պահանջում էր նախարարների հետ հանդիպում։
Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում էին մտնել Կառավարության շենք և գերատեսչությունների ներկայացուցիչներին մեկ առ մեկ հարցնել, թե արդյոք նրանք կո՞ղմ են Արցախը հայկական պահելուն և մյուս բոլոր առաջարկներին, որոնք ընդդիմությունը հնչեցրել է ու որոնք ընդունելու համար ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել։
Սակայն, այդպես էլ որևէ պատգամավորի չհաջողվեց մուտք գործել Կառավարության երրորդ մասնաշենք, փոխարենը, նրանցից շատերը ոստիկանների հարվածներին արժանացան։ Բացի այդ, ոստիկանների հետ բախման հետևանքով 111 քաղաքացի բերման ենթարկվեց, բայց այս անգամ ոչ թե հանրային կարգը խախտելու և ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով, այլ իբր թե խուլիգանություն անելու համար։
Նշենք, որ բերման ենթարկվածների մեջ էին նաև ընդդիմադիր քաղաքական գործիչ Արթուր Վանեցյանի որդին` Արտյոմ Վանեցյանը, և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Նկատենք, որ նրանց նկատմամբ ևս ոստիկանները բիրտ ուժ էին կիրառել։ Սակայն, ինչպես բերման ենթարկվածներն են նշում՝ իրենց ոգին կոտրել հնարավոր չէ և ոստիկանների այս պահվածքն էլ ավելի մեծ վստահություն է ներշնչում, որ հաղթանակը մոտ է։
Արտյոմ Վանեցյանի խոսքով՝ այսօր ոստիկանության կողմից բռնություններն իրենց հուշում են, որ պետք է պայքարել մինչև վերջ և հասնել նպատակին:
«Ինձ թվում է՝ վաղն ավելի կշատանանք և ավելի շուտ կհասնենք մեր նպատակին»,-ասաց նա։