Պուտինը Ուկրաինա սպառազինությունների մատակարարման մասին. մենք կկիրառենք խոցման մեր միջոցները

Պուտինը Ուկրաինա սպառազինությունների մատակարարման մասին. մենք կկիրառենք խոցման մեր միջոցները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «քաշքշուկ» է անվանել արեւմտյան երկրների որոշումը Ուկրաինա լրացուցիչ սպառազինություններ մատակարարելու մասին եւ նախազգուշացրել է, որ դա կարող է ձգձգել զինված հակամարտությունը, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։

«Ընդհանրապես, այս ամբողջ քաշքշուկը սպառազինությունների լրացուցիչ մատակարարման շուրջ, իմ կարծիքով, միայն մեկ նպատակ ունի՝ որքան հնարավոր է ձգձգել զինված հակամարտությունը»,- ասել է Պուտինը «Москва. Кремль. Путин» ծրագրի («Россия-1» ВГТРК) հեղինակի հետ հարցազրույցում։

Ռուսաստանը համապատասխան հետեւություններ կանի, եթե Արեւմուտքը Ուկրաինա մատակարարի հեռահար գործողության հրթիռներ, ավելացրել է նա։ Այդպես է նախագահը մեկնաբանել համապատասխան մատակարարումների հեռանկարը։

«Բայց եթե  դրանք լինեն եւ մատակարարվեն, մենք դրանից համապատասխան հետեւություններ կանենք եւ կկիրառենք խոցման մեր միջոցները, որոնցից բավականաչափ ունենք, որպեսզի հարվածներ հասցնենք այն օբյեկտներին, որոնց առայժմ չենք հարվածում»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի որոշումը՝ Ուկրաինա մատակարարել Himars համազարկային կրակի ռեակտիվ ինքնաթիռներ, ուժերի դասավորությունում ոչինչ ըստ էության չի փոխի, խոսքն, ըստ նրա, պարզապես մարտական գործողությունների ընթացքում կորցրած սպառազինությունների պաշարները լրացնելու մասին է։

«Այստեղ ոչ մի նոր բան չկա։ Նախ՝ համազարկային կրակի այդ համակարգերը չէ՞ որ ուկրաինական բանակի սպառազինությունում կան՝ խորհրդային, ռուսական արտադրության «Գրադ», «Սմերչ», «Ուրագան» համանման համակարգեր»,- ասել է նա։

Ընդ որում՝ Պուտինն ընդգծել է, որ «հեռավորությունը կախված է ոչ թե համակարգից, այլ հրթիռներից, որոնք օգտագործվում են»։ «Այն, ինչ մենք տեսնում ենք, լսում ենք, գիտենք, ոչ մի ընդհանուր բան չունի ուկրաինական ռեժիմի հանդեպ վստահության կամ անվստահության հետ, դա կախված է այն բանից, թե ինչ հրթիռներ են ամերիկացիները մատակարարում։ Բայց այն, ինչ մենք այսօր լսում ենք, եւ այն, ինչը հասկանում ենք, դրանք հրթիռներն են, որոնք էլ հենց 45-70 կիլոմետր են թռչում՝ կախված հրթիռի տեսակից։ Դե, նույնն էր նաեւ այդ նույն «Գրադների», «Ուրագանների», «Սմերչների» դեպքում, որոնց մասին ես ասել եմ՝ այնտեղ նույնպես հեռավորությունը 40-70 կիլոմետր է։ Ոչ մի նոր բան չկա»,- նշել է ՌԴ նախագահը։

Ինչպես նշել է պետության ղեկավարը, մենք «ելնում ենք այն բանից, որ ահա այս մատակարարումը Նահանգների, որոշ այլ երկրների կողմից կապված է ահա այս մարտական տեխնիկայի կորուստը լրացնելու հետ, այստեղ ոչ մի նոր բան չկա, եւ դա ոչինչ, ըստ էության, չի փոխում»։