Եթե չփախնեին ծառայությունից, ոչ մի բան էլ չէր փոխվի․ Անդրանիկ Քոչարյան

Տվյալ կարգավորման համար երկար ճանապարհ ենք անցել, մենք քննարկում էինք՝ համաներում, թե գտնել իրավական կարգավորումներ։ Այսօր իր ելույթի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով թիմակից Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի մասին։ 

«Մենք մշակում էինք իրավակարգավորում, որը գուցե ավելի խիստ էր, քան այսօր ներկայացրեց մեր գործընկեր Հայկ Սարգսյանը։ 44-օրյա պատերազմը եղավ, համաներումը կարևոր էր, որպեսզի տեսնենք, թե ինչ պատկեր կտա այն, որովհետև հենց դա պետք էր, որպեսզի բոլորը գան Հայաստան ու օգտակար լինեն ՀՀ-ի խնդիրների լուծմանը։ Ունենք խնդիր, էդ խնդիրը պետք է լուծվի, սա էլ տարբերակ է»,- ասաց նա։

Քոչարյանի խոսքով՝ մեկ է, բոլորին բավարարող ամբողջական լուծում չի գտնվելու․ «Եթե չփախնեին ծառայությունից, ոչ մի բան էլ չէր փոխվի։ Համաձայն եմ՝ խորքային խնդիր է, եկեք խորքերը ման չգանք, լուծում գտնենք ու մարդկանց չդատենք, այլ հնարավորություն տանք»։

Նշենք, որ ըստ Հայկ Սարգսյանի օրենքի նախագծի՝ հնարավորություն է տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։

Ըստ պատգամավորի` նրանք այդ հնարավորությունը կունենան զինվորական ծառայության անցնելու կամ կրճատված ժամկետով ծառայության և ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում