Ինչպես բուժել «պայթած» մազանոթները

Ինչպես բուժել «պայթած» մազանոթները

Երբ մարմնի տարբեր հատվածներում՝ հատկապես ոտքերի վրա, մազանոթի պատի թափանցելիությունը խախտվում է, եւ արյան տարրերը դուրս են գալիս, անոթի պատից դուրս առաջանում է տգեղ մի երեւույթ, որը նկատվում է կապույտի կամ վարդագույնի խառը երանգներով: Այս իրավիճակը կարող է առաջանալ ոչ միայն ֆիզիկական լարվածությունից, երբ լարվածությունը ուղղված է դեպի ստորին վերջույթները, այլեւ երկար ժամանակ բարձր կրունկով կոշիկներ կրելուց եւ որոշ արյան հիվանդությունների ժամանակ, վնասվածքներից հետո:

Այսպիսի երեւույթ հաճախ նկատվում է հղի կանանց մոտ, երբ քաշն ավելանում է, արյան անոթներում կարող է առաջանալ կանգ, որն էլ հանգեցնի մազանոթների պայթելուն:

Մասնագետները այդ տհաճ երեւույթից խուսափելու համար խորհուրդ են տալիս հրաժարվել անհարմար կոշիկներից, ծանրություն բարձրացնելուց, երկար նստելուց, սեղմող գոտիներ կամ կիսագուլպաներ կրելուց, երկար ժամանակ ոտքի վրա կանգնելուց: Փոխարենը շատ օգտագործեք բանջարեղեն եւ ցիտրուսային մրգեր, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը, սրտամկանի աշխատանքը, չմոռանալով նաեւ երեկոյան ոտքերը հանգստացնել՝ հորիզոնական դիրք ընդունելով: Արեւելյան բժշկության մասնագետ Հասմիկ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ օգտակար է նաեւ ճզմած սխտոր քսելը, տոմատի մածուկը կամ լոլիկը թարմ վիճակում կտրտել եւ տեղադրել համապատասխան հատվածներում, պահել մոտավորապես  20 րոպե  եւ լվանալ:

«Լոլիկը հիմնականում լիկոպին է պարունակում, որը ե՛ւ անոթներն է մաքրում, ե՛ւ հակաուռուցքային հատկություն ունի»,-նշեց Հասմիկ Խաչատրյանը: Ոտքերի արյունազեղված մազանոթների ցանցի ու ցաների վերացման համար շատ օգտակար է նաեւ հետեւյալ թուրմը. կեսլիտրանոց տարայի մեջ մինչեւ կեսը լցնել կալանխոյեի մանր կտրատած տերեւներ, ավելացնել օղի կամ 70 տոկոսանոց սպիրտ մինչեւ լիքը լցվելը, պահել մութ տեղում: Պարբերաբար շիշը թափահարել: Մեկ շաբաթ անց թուրմը պատրաստ կլինի օգտագործման համար: Այդ թուրմով երեկոյան պետք է տրորել ոտքերը՝ ներբաններից դեպի ծնկները եւ ավելի վերեւ: Ոտքերի ցավն անմիջապես կանցնի, իսկ որպեսզի մազանոթների ցանն էլ վերանա, պետք է 4 ամիս անընդմեջ կատարել այդ գործողությունը, գրում է Առավոտը: