Ո՞վ կարող է Գլխավոր դատախազին ճնշել․ Գուրգեն Ներսիսյանը՝ իր դեմ «արշավի» մասին

Ո՞վ կարող է Գլխավոր դատախազին ճնշել․ Գուրգեն Ներսիսյանը՝ իր դեմ «արշավի» մասին

Մամուլը գրում է, թե վերջին օրերին Արցախում ստեղծված լարվածության ֆոնին քաղաքական ուժերի ու տարբեր դերակատարների միջև տեղի են ունենում «փոխհրաձգություններ», հնչում են մեղադրանքներ: Թիրախում է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: 

MediaHub-ը զրուցեց վերջինիս հետ՝ պարզելու, թե ինչ է իրականում կատարվում առանց այդ էլ բավականին բարդ վիճակում հայտնված Արցախում։

-Պարոն Ներսիսյան, ի՞նչ արշավի մասին է խոսքը, ինչո՞ւ են սլաքներն ուղղվել Ձեր կողմ։ 

-Ներեցեք, բայց ես չեմ կարող լրատվականների նյութերը մեկնաբանել։ 

-Բայց, այն ինչ խոսվում է մամուլում, մո՞տ է իրականությանը։ 

-Եթե խոսքը վերաբերում է հիմնադրամների հետ կապված մեր նախաձեռնությանը, ապա՝ այո։ 

-Ըստ Ձեզ, այս արշավը կապ ունի՞ ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու հետ։ 

-Արշավ անողներն առաջիկայում իրենք իրենց կբացահայտեն, ես դրա մասին չեմ մտածում։ 

-Ձեր նկատմամբ որևէ ճնշում կա՞։ 

-Իսկ Դուք երբևէ նման բան լսե՞լ եք։ Ինչպե՞ս կամ ո՞վ կարող է Գլխավոր դատախազին ճնշել, առավել ևս, երբ Գլխավոր դատախազը ես եմ։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազը նախաձեռնել է ուսումնասիրել Արցախի ներդրումային հիմնադրամի ու գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի վերջին տասը տարում ծավալած գործունեությունը։  Ըստ մամուլի՝ այս ամենին, բնականաբար, դեմ են ոչ միայն գործող և նախկին իշխանությունները, քանզի կարող են բացահայտվել նրանց հետ փոխկապակցված մի շարք անձանց տվյալներ, այլև այդ հիմնադրամների գործունեությունից օգտված անձինք:

Լիաննա Թորոսյան