Դատարանը MediaHub-ի հայցն ընդունել է վարույթ․ ԱԺ աշխատակազմը պարտավոր է նորից հավատարմագրել Վահե Մակարյանին

Վարչական դատարանը վարույթ է ընդունել MediaHub-ի հայցն ընդդեմ ԱԺ աշխատակազմի, որն ապօրինի կերպով դադարեցրել է լրագրող Վահե Մակարյանի հավատարմագրումը։ Այս մասին MediaHub-ին հայտնեց փաստաբան Սոս Հակոբյանը։
«Մենք նախկինում ասել էինք, որ պատրաստվում ենք վիճարկել ԱԺ աշխատակազմի ղեկավարի որոշումը՝ լրագրող Վահե Մակարյանին նախազգուշացում հայտարարելու և հավատարմագրումը դադարեցնելու մասին, քանի որ կարծում ենք՝ այն ապօրինի է ամբողջությամբ, և այդ կապակցությամբ ներկայացրել էինք վիճարկման հայցադիմում ՀՀ վարչական դատարան։ Երեկ արդեն ինձ հայտնեցին, որ կա վարույթ ընդունելու մասին որոշում, որը հանձնված է փոստային ծառայությանը, իսկ այսօր արդեն դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է դատարանի՝ հայցադիմումը վարույթ ընդունելու, գործն ընդհանուր կանոններով քննելու և նախնական դատական նիստ նշանակելու որոշումը»,- ասաց Սոս Հակոբյանը։
Նա կարևորեց, որ այսպիսով Վարչական դատարանը համարել է, որ կա անհրաժեշտություն իրականացնելու ընդհանուր, այսինքն՝ բանավոր կարգով դատավարություն, քանի որ գտել է, որ կա փաստերի պարզման համար որոշակի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն։ «Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ վարչական դատավարության օրենսգիրքն ունի շատ հետաքրքիր և կարևոր կանոն, մասնավորապես՝ 83-րդ հոդվածի 1-ին մասը, որն ասում է, որ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը, մինչև այդ գործով լուծվող դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելը։ Սա նշանակում է, որ MediaHub.am լրատվականը կարող է հենց վաղը Վահե Մակարյանին հավատարմագրելու հայտը նորից ուղարկել Ազգային ժողով, և այս հիմքով, որ Վահե Մակարյանի հավատարմագրումը նախկինում դադարեցված է եղել, դրա համար նոր կարգի համաձայն՝ հավատարմագրում չեն իրականացնում, իրենք չեն կարող մերժել Մակարյանի հավատարմագրումը։ Հուսով ենք, որ այս շատ կարևոր բազիսային և ակնհայտ, հստակ կանոնն Ազգային ժողովը չի խախտի, և լրագրողը հնարավորություն կունենա իրացնելու իր իրավունքները։ Մենք էլ արդեն դատարանում հնարավորություն կունենանք՝ ապացուցելու վարչական ակտի անօրինական լինելը»,- ասաց Սոս Հակոբյանը։