Այսօրվա մեր ապրումներն ու հոգևոր զգացումները կապված են Արցախի հետ․ Տեր Եսայի քահանա Արթենյան
Թե ինչու այսօրվա Սուրբ Ծննդյան պատարագին որևէ պաշտոնյա մասնակցություն չուներ, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը բացատրություն չի կարող տալ: MediaHub-ի հետ զրույցում նա ասաց, որ այդ հարցը պաշտոնյաներին պետք է ուղղել, թեպետ ցանկացած ժամանակ եկեղեցու դռները բաց են բոլորի համար։
Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց, որ բոլոր եկեղեցիներում ոչ միայն այսօր՝ բոլոր տերունական օրերին մատուցվում է Սուրբ պատարագ՝ անկախ նրանից, թե ինչ իրավիճակում, ինչ դժվարությունների և փորձությունների առաջ է կանգնած տվյալ պահին ժողովուրդը։
«Բնականաբար, մեր այսօրվա ապրումներն ու հոգևոր զգացումները կապված են Արցախի հետ, այնտեղ ապրող մեր հայրենակիցների հետ: Աղոթում ենք, որ այս խնդիրն օր առաջ լուծվի»,-ասաց նա՝ հավելելով, որ եկեղեցիները բոլոր ժամանակներում միշտ գործել են՝ անկախ դժվարություններից ու փորձություններից։
«Մեզ համար կարևոր է օրվա խորհուրդն արժևորել, վերաիմաստավորել, և տարիների ընթացքում մարդիկ ավելի պատրաստված են՝ իրենց հոգևոր ապրումներով, իսկ տաճարները գնալով շատ ավելի լեցուն են դառնում»,- խոսքն ամփոփեց Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Հիշեցնենք, այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը։
Մանրամասները՝ տեսանյութում: