Հայաստանի իշխանություններն են դրդում Ալիեւին՝ Արցախի ղեկավարներին կանչել բանակցելու

Հայաստանի իշխանություններն են դրդում Ալիեւին՝ Արցախի ղեկավարներին կանչել բանակցելու

Մեզ համար անընդունելի է Բաքվի հետ ուղիղ բանակցությունների գնալը, եթե չկա Արցախի սուբյեկտայնության հարցը, հավասարը հավասարի հետ բանակցելու կարգավիճակը․ MediaHub-ի հետ զրույցում ասում է Արցախի Հանրապետության ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Դավիթ Գալստյանը։ 

Այսօր Ադրբեջանի իշխանությունները կրկին առաջարկել են «Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցիչների» հետ Բաքվում հանդիպում անցկացնել.

«Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, շարունակելով մարտի 1-ին կայացած հանդիպման և մարտի 13-ի հրավերը, ևս մեկ անգամ առաջարկում է Ղարաբաղի ներկայացուցիչներին ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում հանդիպում անցկացնել Բաքվում՝ քննարկելու վերաինտեգրման հարցերը, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը Ղարաբաղում»», - մասնավորապես ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հաղորդագրությունում: 

Գալստյանի խոսքով՝ Ալիեւի հեռահար նպատակն է հասնել նրան, որ բանակցություններին արցախցիները ներկայացված լինեն որպես  փոքրամասնություն։

«Ես կարծում եմ, որ այս իրողությունը պետք է անընդունելի լինի նաեւ մեր իշխանության համար։ Եթե մենք այսօր մտածում ենք ստեղծված իրավիճակի լուծման եղանակներ, ապա լուծումը պետք է գտնել միջազգայնորեն ճանաչված հարթակում, ինչպիսին ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Այդ հարթակում պետք է հնարավորություն լինի՝ Արցախը ներկայացնել որպես լիարժեք կողմ եւ դա կարող է անել Հայաստանի իշխանությունը։ Այս պրոցեսը չկա։ Ըստ էության, Հայաստանի իշխանություններն են դրդում, որ Ալիեւը նման հայտարարություն անի, քանի որ իրենք հրաժարվում են բանակցել Արցախի անունից ու բարձրացնել ինքնորոշման հարցը միջազգային հարթակներում»։

Երկու օր առաջ՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղից մոտ 2 ժամ առաջ Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, Շուշի-Լիսագոր հատվածում խախտեցին նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը եւ որոշակի դիրքային առաջխաղացում ապահովեցին Արցախի Հանրապետության տարածքում։

«Ես տեղյակ չեմ այս պահին ռուսական կողմը բանակցու՞մ է ադրբեջանական կողմի հետ՝ նրանց ելման դիրքեր վերադառնալու պահանջով, թե ոչ»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ թշնամական զորքի առաջխաղացումը ռուս խաղաղապահները նույնպես համարել են նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում։ 

«Մենք չունենք տեղեկություն այդ մասին՝ ոչ՛ իշխանություններից, ոչ՛ ռուս խաղաղապահներից։ Ռուսական կողմը պարտավոր է վերահսկել Լեռնային Ղարաբաղի սահմանները, որպեսզի այն ադրբեջանական զինուժի կողմից չխախտվի։ Այդ սահմանների պատասխանատուն ռուս խաղաղապահներն են։ Ցավոք, ադրբեջանական կողմի սադրանքները համարժեք արձագանք չեն գտնում թե՛ Պաշտպանության բանակի, թե՛ ռուս խաղաղապահների կողմից»,-ասաց նա։ 

Այդ ճանապարհը, հիշեցնում է Գալստյանը, մայրաքաղաք Ստեփանակերտը միացնում է Շուշիի շրջանի մի շարք համայնքներին՝ Լիսագորին, Եղցահողին, Մեծ շենին, Հին շենին։ Շեշտում է՝ այս քայլը հերթական անգամ ցույց է տալիս, որ ագրեսոր Ադրբեջանը փորձում է ճնշումների միջոցով պարտադրել իր ցանկությունները արցախահայությանը, ինչպես իր ցանկությունները պարտադրում է Հայաստանի իշխանություններին։ 

«Ադրբեջանը փորձ է անում ճնշումներով հասնել Արցախի հայաթափմանը»,-հավելեց մեր զրուցակիցը։

Լիա Սարգսյան