Մեր փոխարեն Փաշինյանին շնորհակալություն հայտնելը տղամարդկային չի․ աղետի գոտում դժգոհ են

«Էն մարդիկ, որ 60 մ²-ու մեջ են ապրել, իհարկե՛ իրենք շնորհակալություն էլ կասեն, մի հատ էլ ղեկավարների ոտքերի տակ գառ կմորթեն, իսկ էն մարդիկ, որոնց սեփական տները, տնամերձ այգիները, ավերվել են, ջուրը քշել տարել ա և՛ թռչունները և՛ անասունները, դժգոհ են»,- MediaHub-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Քարկոփ գյուղի բնակիչը՝ ի պատասխան մեր դիտարկման, թե Լոռու մարզպետն այսօր շնորհակալություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին աղետու գոտու տուժած բնակիչներին աջակցություն տրամադրելու համար:
Ընդ որում, ի պատասխան Փաշինյանի հարցադրման մարզպետը հաստատեց, որ մինչ այս պահը այդ աջակցությունը չի տրվել: Բայց խոստացել են՝ «как только, так сразу»:
Քարկոփցի տարեց տղամարդը 7 հոգանոց ընտանիքով շուտով 3 ամիս կլինի՝ վարձակալությամբ ապրում է Ալավերդիում։ Մայիսի 25-ին Դեբեդի վարարման ու հեղեղման պատճառով կորցրել է ամբողջ ունեցվածքը։
«Մեր այգին բավական էր ձմեռահան լինելու համար։ Աշխատող ընտանիք ենք, ամեն ինչ ցանում էինք, պահածոյացնում։ Բերքը ոչ միայն մեզ էր բավականացնում, այլև տեղում վաճառում էինք։ Հիմա էդ այգու տեղը քարեր են ու «զիբիլ», որ գետը բերել է իր հետ։ Ածան հավերս, կթի անասուններս չկան, գետը քշել ա, տնից ոչ մի բան, ձևի համար մի ասեղ չի մնացել, նույնիսկ «լյուստրաները» պոկվել են, ամեն ինչ զրոյից ենք սկսում։ Ամենաշատը գորգերի համար եմ ափսոսում, հին հայկական գորգեր էին՝ Լոռվա նախշերով։ Հիմա պետության հատկացված գումարով հազիվ նորոգումներ անենք ու նոր գույք գնենք։ Նորից պիտի վարկ ձևակերպենք, որ կարողանանք հասցնենք։ Մենակ մեր ընտանիքը չի, իմ նման շատերն են դժգոհ, ու մեր փոխարեն շնորհակալություն հայտնելը տղամարդկային չի»,- ասաց նա: Ապա հարցադրում հասցեագրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին. «Այդ 1 միլիոն 200 հազար դրամով, արդյո՞ք կարող եմ իմ կորցրածի գոնե մի մասը վերականգնել»։
Ի տարբերություն քարկոփցի տղամարդու, Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասի բնակչուհին գոհունակություն հայտնեց Կառավարությանը, որ իրենց խնդիրների հետ միայնակ չեն թողել։
«Մենակ թե գումարը ստանալու գործընթացը, դիմումների ընդունման կարգը հեշտացնեն, ամեն դատարկ բանի համար գնում-գալիս ենք»,- ասաց կինը, հավելելով, որ 4 հոգանոց ընտանիքն առայժմ ապրում է Ստեփանավանում։
«Գումարները հատկացնեն՝ կտեղափոխվենք ու կսկսենք վերանորոգման գործընթացը»,- հավելեց կինը։
Հունան Թադևոսյան