Ապրելու նոր հույս․ ԵՄ-ն աջակցում է տեղահանված կամ հայրենիք վերադարձած ընտանիքներին

Արարատյան դաշտավայրի անուշաբույր ծաղիկներից և Արցախից տեղահանված ընտանիքի տքնաջան աշխատանքի արդյունքն է սիրով հյուրասիրում Արմեն Ոսկանյանը։ Ընտանիքը 2020-ին Հադրութի անկումից հետո է հաստատվել Արարատի մարզի Սիս գյուղում։
Մեղրի արտադրությունն ընտանեկան բիզնես է, որը «Ring» մակնշմամբ հայտնվել է շուկայում։
«Մեղվաբուծությունն աշխատատար գործ է։ Պետք է մեղվի հետ լեզու գտնել, խնամել։ Արդյունքը գոհացնող է, առանց ավելորդ հավելումների մեղրն էլ՝ շուկայում պահանջված»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Ոսկանյանը։
Տանը մեծից փոքր ունեն իրենց զբաղմունքը։ Ունեցածից բաժին են հանում հյուրերին, գոհանում իրենց արտադրությունից։ Կինը մեղրից փախլավա և այլ ընդեղեն է պատրաստում, թթից՝ տարբեր հիվանդություններին դիմադրելու համար դոշաբ են եփում, նաև օղի արտադրում։
Արմեն Ոսկանյանը պատրաստվում է մեծացնել բիզնեսն ու սպառման աշխարհագրությունը։ 12 մեղվաընտանիքին շուտով կավելանան նորերը։ Ընտանիքին օգնության ձեռք է մեկնել Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը։ ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ծրագրի շրջանակում, մեղվաբուծությունը զարգացնելու համար 3,5 մլն դրամի աջակցություն է հատկացրել, նույնքան էլ պատրաստվում է ինքը ներդնել։
Արմենի ավագ եղբոր՝ Գարիկ Ոսկանյանի Հադրութի Մեծ թաղերում հիմնադրված «ՄԹԱԳ» ընկերությունը զբաղվում էր տուրիզմով՝ ընդունում էին հյուրեր, ինչպես նաեւ զբաղվում քացախի, գինու և օղու արտադրությամբ։ Խնձորի քացախի արտադրությունը՝ «Aratta» բրենդով հայկական շուկայում է։ Գարիկի դեպքում էլ արտադրության աշխատանքներին լծված են ընտանիքի անդամները, հատկապես որդին՝ Դավիթը, որ հետաքրքրված է բիզնեսով և օգնում է հորը։
Մեծ Թաղերի փորձը հիմա իրացնում են Հայաստանում։ Պատրաստվում են մեծացնել ինչպես արտադրության ծավալները, այնպես էլ իրացման շուկան։ Գարիկ Ոսկանյանը Եվրոպական միության ծրագրի 120 շահառուներից մեկն է։ «Aratta» արևագույն, խնձորահամ քացախի արտադրությունը զարգացնելու նպատակով նախ մասնակցել է «Իրիս բիզնես ինկուբատոր» հիմնադրամի կողմից կազմակերպված բիզնեսի կառավարման առցանց դասընթացին։ Ստացված դրամաշնորհը ծառայել է նպատակին, գնել են նոր սարքավորումներ։
Նշենք, որ Եվրամիության ծրագրի նպատակն է աջակցել Հայաստան վերադարձած հայրենադարձների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված կամ սկսնակ բիզնեսների զարգացմանը:
Հունան Թադևոսյան