Այս իշխանությունը պիտի գլուխը բարձրացնի ու տեսնի՝ 2021-ին ինքը հաղթեց, Հայաստանը՝ պարտվեց․ Մելքոնյան

Այս իշխանությունը պիտի գլուխը բարձրացնի ու տեսնի՝ 2021-ին ինքը հաղթեց, Հայաստանը՝ պարտվեց․ Մելքոնյան

Երկու հանդիպումներն էլ հետընթացներ էին Հայաստանի և Արցախի շահերի տեսանկյունից։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով թե՛ Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, թե՛ Թուրքայում տեղի ունեցած Միրզոյան-Չավուշօղլու հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Թուրքիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ դիվանագիտական արարողակարգն էր ուշադրության կենտրոնում, բայց կոնտեքստի բացարձակ անտեսում տեղի ունեցավ։ 

«Ցավակցական խոսքեր էին հնչում, թվում էր, թե մենք մոռացել ենք՝ որ պետության մասին է խոսքը, և որ պետությանն են ռևերանսներ արվում։ Ինչ վերաբերում է Թուրքիայի արձագանքին, ապա չեմ կարծում, որ իշխանությունների «մեծ դիվանագիտական կոմբինացիան» արդյունք է տալու, և Թուրքիայի մոտեցումները փոխվելու են»,- կարծիք հայտնեց Մելքոնյանը։

Թուրքագետի դիտարկմամբ՝ միամտություն է կարծել, որ սենտիմենտալ քայլերով հնարավոր է փոխել Թուրքիայի պես խորքային ավանդույթներ ունեցող պետության մոտեցումներն ու ստրատեգիական շահերը։

«Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, ապա ի թիվս այլ խայտառակությունների, մենք ևս մեկ անգամ արձանագրեցինք, որ այն, ինչ դոմինանտ է մեր հասարակության գիտակից հատվածում և ինչ բխում է պատմագիտության ու տրամաբանության ակունքներից, որ պարտված իշխանությունը չի կարող ներկայացնել պետության շահը, ևս մեկ անգամ վերահաստատվեց։ Եվ Ալիևի այն հայտարարությունը, թե հայ ժողովուրդը համակերպվել է պարտության հետ, ու դրա ապացույցն է 2021-ի ընտրության արդյունքը։ Սրա մասին մենք խոսել էինք, և եթե իշխանություններն իրենց ջայլամային քաղաքականությունից մի պահ գլուխները բարձրացնեն, ապա կտեսնեն, որ 2021-ին իրենք ընտրվել են, իսկ Հայաստանը պարտվել է»,- նշեց նա։

Ռուբեն Մելքնյանը նկատեց՝ այս իշխանության ցանկացած հանդիպում ու քայլ Հայաստանի ու Արցախի իրական շահերից հետընթաց է, ու հայկական պետականության այլ կարգավիճակ փոխելու գործընթաց։

«Այս իշխանության քայլերն արտաքին հարաբերություններում գիտակից քաղաքացիների մոտ առաջ են բերում օբյեկտիվ անհանգստություն, որը, ինչպես հետո երևում է, արդարացված է։ Այո՛, Փաշինյանի ամեն նոր հանդիպում նոր «նոյեմբերի 9» է»,- ամփոփեց խոսքը Ռուբեն Մելքոնյանը։

Նարե Գնունի