Կիրանցnւմ չեն uպաunւմ թշնամnւն․ ադրբեջшնցիների վերադարձը լեգիտիմացնում է Նիկnլ Փաշինյանը 

Կիրանցnւմ չեն uպաunւմ թշնամnւն․ ադրբեջшնցիների վերադարձը լեգիտիմացնում է Նիկnլ Փաշինյանը 

Սահմանազատումից հետո Կիրանցում նոր` այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Կիրանցեցի Գոհար Վարդանյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց, որ ճանապարհը կառուցելուց և ամբողջական սահմանազատումն ավարտելուց հետո, իր այգուց սահմանը հեռու է լինելու մոտ 50 մետր, իսկ դեպի Վրաստանի սահման միջպետական նշանակության մայրուղին ադրբեջանական հենակետից տեղ-տեղ հեռու կլինի 3-5 մետր։ 

«Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ-որ բան կառուցել և առաջին հերթին հրավիրել բոլոր այն մարդկանց իրենց երեխաների հետ, ովքեր մեզ այս օրերին համոզում էին, որ պետք է ուրախ լինենք, որ 50 մետր էն կողմ Ադրբեջան է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գոհարը։ 

Կիրանցեցի երիտասարդ բնակչուհին զարմանում է, որ երկրի առաջնորդն առաջարկում է՝ «ուրախ լինել, որ Ադրբեջանը մոտ է, իսկ անվտանգության համար՝ ծառեր տնկել, որ ադրբեջանցի զինվորականները չերևան»։

«Իրենց իշխանությունը պահելու համար ամեն օր, ամեն տեղ մարդկանց ուղեղը լվանում են։ Ներքին թշնամությունը և ատելության քարոզն այնքան շատ է, որ պահի ազդեցության տակ մարդիկ մոռանում են արտաքին թշնամու գործոնի մասին»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ ինքը մնալու է Կիրանցում, այնտեղ պետք է։

Գոհար Վարդանյանը, որ ուշի-ուշով հետևում է հայրենի գյուղի շուրջ զարգացող իրադարձություններին, թերահավատորեն է մոտենում խաղաղության գաղափարին, ավելի ճիշտ՝ չի հավատում Ադրբեջանի խաղաղասիրությանը։ Ամեն դեպքում հուլիսի 24-ին ադրբեջանցիները նոր դիրքեր կտեղակայեն սահմանազատումից հետո կիսված Կիրանցում։ 

Ադրբեջանի կողմում հայտնված Մհերն ու Խանումն այլևս իրենց տներում չեն բնակվում։ Խանումի բարեկամներից մեկը մեզ փոխանցեց, որ կինն ապրում է Իջևանում, իսկ Մհերը մնացել է Կիրանցում։ 

«Հո՞ չեն ապրելու ադրբեջանցիների հետ։ Գույքի փոխատուցումը ստացել են, իրենք կորոշեն՝ ինչ անեն, ու թող ոչ մեկ էդ մարդկանց չմեղադրի»,- հավելեց Իջևանի բնակիչը։

Հունան Թադևոսյան