Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կանադայի դեսպանի հետ․ ի՞նչ են քննարկել

Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Կանադայի դեսպանի հետ․ ի՞նչ են քննարկել

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Իշխան Սաղաթելյանը նոյեմբերի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրների հետ։ Հայտնել է քաղաքական ուժը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման մի շարք ուղղությունների վերաբերյալ։

Իբրև Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամութայան խմբի նախագահ, Իշխան Սաղաթելյանը շնորհավորել է դեսպան Թըրներին՝ Հայաստանում Կանադայի ռեզիդենտ դեսպանության բացման առիթով և կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների կայուն զարգացումը։

Իշխան Սաղաթելյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանության, դրա արդյունքում էթնիկ զտման փաստի վրա՝ ակնկալելով կատարվածի վերաբերյալ միջազգային հստակ գնահատական և գործնական քայլեր՝ առանց երկիմաստությունների։

Բարձրացվել է նաև ռազմագերիների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ապօրինի կալանավորման և նրանց շուտափույթ ազատ արձակման խնդիրը։

Հատուկ անդրադարձ է կատարվել Արցախի հայության համալիր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությանը։

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, դրանց զարգացման և առկա խնդիրների վերաբերյալ։