Լաչինի միջանցքի փակում, միջազգային արձագանք. Կառավարությունը ներկայացրել է զեկույց իր գործունեության մասով

2022 թվականի արդյունքներով Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը: Այս մասին ասվում է ՀՀ Կառավարության ծրագրի (2021-2026 ԹԹ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում:
Փաստաթղթում, մասնավորապես, նշվում է.
"Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի և միջազգային անվտանգության ոլորտում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածություններն ավելի են սրում Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ կամ Հայաստան) արտաքին անվտանգության սպառնալիքները: 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության (այսուհետ՝ Ադրբեջան կամ ԱՀ) կողմից սանձազերծված հերթական ագրեսիան ընդդեմ ՀՀ-ի, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, Լեռնային Ղարաբաղի (այսուհետ՝ ԼՂ) հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ ՌԴ) խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ-ի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների միտումնավոր խափանումները և դրանց հետևանքով ԼՂ-ում ծայր առած հումանիտար, պարենային, էներգետիկ և բնապահպանական ճգնաժամերը ՀՀ կառավարությանը, ցավոք, թույլ չեն տվել ողջ ռեսուրսները լիարժեք կենտրոնացնել զարգացման օրակարգերի իրագործման շուրջ:
Այսուհանդերձ, 2022 թվականը եղել է լայնածավալ բարեփոխումների տարի: ՀՀ կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերներին լայնածավալ բարեփոխումներով, պետական ինստիտուտների կայացմամբ և զարգացմամբ արձագանքելու քաղաքականություն: Արդյունքում, 2022 թվականն ամփոփվել է վերջին 15 տարվա համար աննախադեպ՝ 12,6% տնտեսական աճով, մեկնարկել և շարունակվել են ինստիտուցիոնալ բարեփոխումները զինված ուժերի, արտաքին և ներքին անվտանգության, կրթության և գիտության, առողջապահության, բնապահպանության, տնտեսության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, տարածքային համաչափ զարգացման, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, հակակոռուպցիոն քաղաքականության, ժողովրդավարության և մարդու իրավունքների, դատաիրավական և այլ համակարգերում:
ՀՀ կառավարությունը շարունակել է բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն: Այսուհանդերձ, չլուծված է մնում առանցքային խնդիրը՝ ՀՀ արտաքին անվտանգության երաշխավորումը:
Սեպտեմբերյան ագրեսիան և միջազգային արձագանքը
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: Ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Ադրբեջանի զինված ուժերի կողմից թիրախավորվել են Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի 36 բնակավայր, այդ թվում` Գորիս, Սիսիան, Կապան, Ջերմուկ, Վարդենիս, Տեղ, Գեղամասար համայնքները, ինչի հետևանքով մասնակի կամ ամբողջական ավերվել են 192 տուն, 3 հյուրանոց, 2 դպրոց, 1 բժշկական հաստատություն, 1 հանդիսությունների սրահ, 4 գոմ: Վնասվել են 7 էլեկտրական ենթակառուցվածք, 5 ջրային ենթակառուցվածք, 3 գազամուղ, 1 կամուրջ, 2 ավտոճանապարհ, 1 փողոց: Թիրախավորվել են 2 շտապօգնության մեքենա, 4 անձնական օգտագործման ավտոմեքենա:
Ադրբեջանի զինված ուժերը մի քանի ուղղություններով մխրճվել են ՀՀ ինքնիշխան տարածք: 2021 և 2022 թվականների ընթացքում Հայաստանի դեմ իրականացրած ագրեսիաների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի ավելի քան 150 քառակուսի կիլոմետր հատված։ ՀՀ ինքնիշխան տարածքի ևս 75 քառակուսի կիլոմետր հատված ադրբեջանական օկուպացիայի ներքո է 1990-ականներից: ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (այսուհետ՝ ՀԱՊԿ)՝ ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ապահովման նպատակով «Հավաքական անվտանգության մասին» պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն ՀՀ-ին համապատասխան աջակցություն (այդ թվում՝ ռազմական) տրամադրելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հատուկ նիստում ՀՀ-ի հանդեպ իրականացված ագրեսիայի վերաբերյալ քննարկումներ անցկացնելու նպատակով:
Ագրեսիայի առնչությամբ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որի որոշմամբ սեպտեմբերի 15-ին մոնիթորինգային առաքելություն իրականացնելու նպատակով ՀՀ է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը։ 2022 թվականի նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որի ընթացքում հայկական կողմն ընդգծել է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիաների կապակցությամբ ՀԱՊԿ-ից համարժեք արձագանք չի ստացվել։
Հայկական կողմն արձանագրել է, որ նիստի ընթացքում ստորագրման ներկայացված «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի» և «Հայաստանի Հանրապետությանն օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագծերը չեն պարունակում ՀՀ-ի դեմ ագրեսիայի վերաբերյալ քաղաքական հստակ գնահատական և ագրեսիայի հետևանքները վերացնելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործողությունների պլան:
Բացի դրանից, ՀԱՊԿ մի շարք անդամ երկրների կողմից արտահայտված անորոշ դիրքորոշումների բերումով ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ճշգրտելու անհրաժեշտություն է առաջացել: Առանց նշված հարցերի ճշգրտման՝ ՀՀ-ն նպատակահարմար չի համարել հիշատակված փաստաթղթերի ստորագրումը, ինչի պատճառով որոշումները չեն ընդունվել: ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի կապակցությամբ, ՀՀ-ի դիմումի հիման վրա, սեպտեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության (այսուհետ՝ Ֆրանսիա) նախագահությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում։ Հանդիպման ընթացքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ պետություններն արձանագրել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, կարևորել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանումը՝ շեշտելով նաև ՀՀ տարածքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման փաստը։ 2022 թվականի հոկտեմբերի 21-27-ը ՀՀ է ժամանել ԵԱՀԿ կարիքների գնահատման թիմը՝ սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանային հատվածներում և բնակավայրերում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպմանը ձեռք բերված համաձայնության արդյունքում հոկտեմբերի 17-ին Եվրոպական միության (այսուհետ՝ ԵՄ) խորհուրդն ընդունել է որոշում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջազգային սահմանի երկայնքով ԵՄ դիտորդ-փորձագետներ տեղակայելու մասին: Առաքելության մանդատը ներառում էր իրավիճակի դիտորդություն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով՝ երկու երկրների միջև վստահության կառուցմանն աջակցելու և սահմանային հանձնաժողովներին ԵՄ առավել առարկայական աջակցությունն ապահովելու նպատակով։ ԵՄ դիտորդական առաքելությունը 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ավարտել է իր մանդատը։ ԵՄ խորհուրդը 2023 թվականի հունվարի 23-ին համաձայնություն է տվել ՀՀ տարածքում երկու տարի ժամկետով քաղաքացիական նոր առաքելություն (EUMA) ստեղծելու առաջարկին։ 2023 թվականի փետրվարի 20-ին առաքելությունն սկսել է իր աշխատանքը ՀՀ-ում:
Լաչինի միջանցքի փակումը և միջազգային արձագանքը
Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՀՀ վարչապետի, ԱՀ նախագահի և ՌԴ նախագահի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պահանջները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից ապօրինի արգելափակել է ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը՝ խափանելով միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկությունը և շարժը՝ հարուցելով հումանիտար ճգնաժամ։ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը միտումնավոր խափանել է նաև ԼՂ-ին բնական գազի մատակարարումը, մի քանի օրից ԼՂ-ի գազամատակարարումը վերականգնվել է, ապա նորից խափանել: 2023 թվականի փետրվարի 20-ի դրությամբ Ադրբեջանը Լաչինի միջանցքի շրջափակումից ի վեր 10 անգամ ամբողջությամբ միտումնավոր խափանել է բնական գազի մատակարարումը ԼՂ: Ավելի քան 20 անգամ ԼՂ-ին մատակարարվող գազի ծավալը միտումնավոր նվազեցվել է 10-ից մինչև 90%-ով:
2023 թվականի հունվարի 9-ից Ադրբեջանը միտումնավոր խափանել է ՀՀ-ից էլեկտրական էներգիայի մատակարարումը ԼՂ: Բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումների խափանման պատճառով ԼՂ կառավարությունն ստիպված էլեկտրաէներգիայի մատակարարման հովհարային անջատումներ է իրականացրել: Սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների պակասուրդի պատճառով դրանց առևտուրը ԼՂ-ում կտրոնավորվել և սահմանափակվել է: Տևական ժամանակով փակվել են բուհերը, դպրոցներն ու մանկապարտեզները, ինչի պատճառով ավելի քան 30 հազար սովորող զրկվել է կրթության իրավունքն իրացնելու հնարավորությունից: Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական ծանր հետևանքները մեղմելու նպատակով 2022 թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ-ի ժողովրդին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: ՀՀ կառավարությունը գործադրել է բոլոր անհրաժեշտ ջանքերն ստեղծված իրավիճակը միջազգային ուշադրության և գնահատականի արժանացնելու համար. ՀՀ-ի դիմումի հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ հանդիպում Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հնչել են հստակ կոչեր` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը դադարեցվելու և միջազգային կառույցների՝ ԼՂ մուտքն ապահովելու վերաբերյալ։ Տասնյակ երկրներ և կազմակերպություններ հասցեական դատապարտել են Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանից պահանջել դադարեցնել այն։ ՀՀ-ն ակտիվ ջանքեր է գործադրել և գործադրում ԼՂ և Լաչինի միջանցք ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություն ուղարկելու ուղղությամբ։ ՀՀ-ի կողմից ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացվել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ժամանակավոր միջոցներ կիրառելու պահանջ: Այդ կապակցությամբ 2023 թվականի փետրվարի 22-ին Միջազգային դատարանը հրապարակեց «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ներկայացված ժամանակավոր միջոցներ կիրառելու մասին իր որոշումները:
Դատարանը բավարարեց Հայաստանի ժամանակավոր միջոց կիրառելու հիմնական պահանջը և պարտավորեցրեց Ադրբեջանին, մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը, ձեռնարկել իր տրամադրության տակ առկա բոլոր միջոցները՝ երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Անդրադառնալով Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած ենթադրյալ ականապատման վերաբերյալ հակընդդեմ պահանջներին՝ Դատարանն ամբողջությամբ և միաձայն մերժեց դրանք:
Մանրամասները՝ հղումով