Ամրապնդել ու զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները. Գյումրիում անցկացվեց Զարգացման առաջնորդների ֆորումը

Ամրապնդել ու զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները. Գյումրիում անցկացվեց Զարգացման առաջնորդների ֆորումը

Դեկտեմբերի 8-ին Գյումրիում մեկնարկեց Զարգացման առաջնորդների ֆորումը, որը կազմակերպել էր «Հաղորդակցության զարգացման միջազգային ինստիտուտ» մարդասիրական հիմնադրամը: 
Ինչպես իր խոսքում նշեց պրոֆեսոր, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վալենտինա Կոմլևան, ֆորումը համախմբել է շուրջ 50 նախաձեռնող երիտասարդների Հայաստանի տարբեր մարզերից։ «Այս միջոցառումը հնարավորություն է տալիս կարիերա ստեղծելու և հետաքրքիր նախագծերի մասնակցելու»,- ընդգծեց նա։ «Ֆորումի հիմնական նպատակն է օգնել կյանքի կոչելու ստեղծագործ գաղափարները, որոնք պետք է ուղղված լինեն երկրի շրջանների և Ռուսաստանի միջև հարաբերությունների զարգացմանը»։ 

Ներկաները, նախ, Զարգացման երիտասարդ առաջնորդների ֆորումի համակարգող Արման Ղուկասյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը: Վալենտինա Կոմլևան հիշեց նաև, թե ինչպես են Ռուսաստանի շրջաններում դիմավորել Հայաստանի աղետի գոտում տուժածներին.

«Այն ժամանակ մենք ազգությունից ելնելով տարբերակումներ չէինք անում և փորձում էինք օգնել տուժածներին։ Իսկ երբ այսօր ազգությունների պառակտման սկզբունքով խոսակցություններ ու կոնֆլիկտներ են լինում, դա ինձ համար անհասկանալի է: Մեր ինստիտուտի գործունեությունը միտված է ծրագրեր ու պայմաններ ստեղծելուն ու իրականացնելուն, որպեսզի տարբերակումներ չմտցնենք, չասենք՝ ինչ-որ մեկն ավելի լավն է, մյուսը՝ վատը։ Ուստի, մեր աշխատանքում շատ կարևոր է փորձագետների, գիտական համագործակցության, քաղաքացիական ինստիտուտների, և բոլոր այլոց հետ համագործակցության վրա շեշտադրումը, ովքեր կցանկանան բարեկամական հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։ Ի դեպ, Հայաստանում արդեն ունենք լուրջ գործընկերներ, որոնց հետ տարբեր միջոցառումներ ենք անցկացնում, այդ թվում՝ միջազգային արդի խնդիրների շուրջ քննարկումներ»։ 

Զարգացման առաջնորդների ֆորում նախագծի համակարգող, Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի արտասահմանյան ծրագրերի ղեկավար Մարիա Սավինան իր հերթին ընդգծեց ֆորումի կարևորությունը երիտասարդ առաջնորդների համար:
 

«Ֆորումը բոլորին հնարավորություն է տալիս դրսևորվելու որպես Հայաստանի մարզերի զարգացման առաջնորդների, հանդիպել հետաքրքիր, հայտնի մարդկանց, դառնալ նախաձեռնող թիմի անդամ և ստեղծել սեփական նախագիծը», - նշեց Սավինան:

 «ՄԻՌ» մարդասիրական հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանի խոսքով՝ ֆորումը կարևոր է իր արդյունավետությամբ, ազդեցությամբ և հանրային կյանքում կիրառման համար, որն այսօր, համաշխարհային գործընթացների համատեքստում, բավականին արագ է փոփոխվում։ Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ նման միջոցառումներ անհրաժեշտ է  անցկացնել շարունակական հիմունքներով, երբ մարդիկ «միայն չեն հավաքվում, խոսում և հեռանում»։ Նրա տեսանկյունից, այս առումով հատկապես կարևոր են գաղափարների գործնական իրականացումը և գործնական արդյունքները ֆորումին հաջորդող շրջանում։ Իսկ երիտասարդ գիտնականների և ասպիրանտների շարժունակությունը թույլ է տալիս խոսել այն մասին, որ, փոխադարձ հետաքրքրությունների առկայության պայմաններում, հայ և ռուսաստանցի գիտնականների փոխայցերը լավ արդյունքներ են բերում փոխշահավետ համագործակցության համար։ 

Այս մասին խոսեց նաև Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս-խորհրդական Յուրի Կովալկոն՝ նշելով, որ ֆորումին մասնակցում են իրական մասնագետներ, ովքեր հակված են լուրջ աշխատանքի։ Նրա կարծիքով, կարևոր է ուշադրություն դարձնել հայ-ռուսական պատմական կապերին և դրանց շարունակականությանն այսօր։ «Այս պահին Գյումրիում գործում է 102-րդ ռուսական բազան, գործում է ՌԴ գլխավոր հյուպատոսությունը, կա «Պատվո բլուր» հուշահամալիրը, որտեղ հանգչում են ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի զինվորների աճյունները։ Սակայն այժմ ապրում ենք մշտապես փոփոխվող աշխարհում: Ուստի ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում համագործակցության համար նոր մոտեցումներ են անհրաժեշտ։ Առավել հաճելի է, որ համագործակցության ուղեծրում ներգրավված են երիտասարդական կառույցներն ու գիտական կենտրոնները։ Ի վերջո, հենց երիտասարդ սերունդն է, որ պետք է համատեղ ջանքերով շարունակի աշխատանքը հայ-ռուսական համագործակցության ուղղությամբ»,- կարծում է նա։

Վերջինիս հետ համակարծիք էր Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի փոխտնօրեն Վիկտորյա Դերիպասկոն, ով նույնպես անտեսանելի թելերով զուգահեռներ անցկացրեց Սպիտակի երկրաշարժից մինչև մեր օրերը. այն ժամանակ ոչ ոք ազգությունների միջև տարբերություն չէր դնում, և բոլորը բարեկամական օգնության ձեռք էին մեկնում Հայաստանի ընկերներին։ Եվ հենց այս նարատիվն է, որ ոչ միայն պետք է պահպանել, այլև շարունակել ապագայում։ Միևնույն ժամանակ, ուրախալի է տեսնել, որ պատվիրակների մեջ կան բազմաթիվ երիտասարդներ, առաջնորդներ։ Հենց նրանք են, որ այժմ պետք է մշակեն ու կյանքի կոչեն բազմակողմ գաղափարներ ի շահ Հայաստանի՝ համագործակցելով դարավոր ընկերների ու գործընկերների հետ։

Միջոցառման մասնակիցների խոսքով՝ ֆորումը իրական հնարավորություն է ընձեռում ինքնադրսևորվելու որպես Հայաստանի մարզերի զարգացման գործում առաջնորդների, հանդիպելու հայտնի մարդկանց, դառնալու նախաձեռնող թիմի անդամ, ինչպես նաև աջակցություն ստանալու սեփական նախագծերի համար։ «Ներկաների մեջ շատ են ՏՏ ոլորտի մասնագետները, ինչը չի կարող չուրախացնել։ Ի վերջո, երիտասարդների առաջնորդական որակներն ու գիտելիքները, այդ թվում՝ այս խոստումնալից ոլորտում, թույլ են տալիս կանխատեսել դրական արդյունքներ», - նշեց Արման Ղուկասյանը։

Ամփոփելով՝ ԵՊՀ Ռուսագիտության կենտրոնի տնօրեն Արամ Սաֆարյանը նշեց ընդհանուր պատմության տարանջատման անհնարինությունը։ «Իհարկե, կարող են լինել տարաձայնություններ, կարող են լինել տարբեր կարծիքներ, սակայն դա չի նշանակում, որ ստիպված կլինենք տարանջատվել։ Մենք լի ենք ռուս-հայկական հարաբերություններն ամրապնդելու վճռականությամբ: Խորհրդանշական է, որ ֆորումը տեղի է ունենում փառավոր ավանդույթներ ունեցող Գյումրիում։ Ո՞վ, եթե ոչ գյումրեցիները, պետք է իմանան ռուս-հայկական բարեկամության, ռուս-հայկական հարաբերությունների մասին։ Ժամանակին, մասնակցելով Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին, ես հնարավորություն ունեցա անմիջականորեն շփվել «Հայաստանի ազգային հերոս» կոչումով միակ ոչ հայի՝ Նիկոլայ Ռիժկովի հետ։ Եվ նա միշտ սիրով էր խոսում մեր երկրի մասին։ Սպիտակի աղետից հետո եկել էր աղետի գոտի, այցելել Գյումրի, անում էր ամեն բան ավերված քաղաքներն ու գյուղերը վերականգնելու համար», - ասաց Սաֆարյանը։

Ապա հավելեց, որ երիտասարդ սերունդը պետք է մտածի այս մասին և անի ամեն բան, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները չթուլանան։