Խաղաղության օրակարգի տակ Նիկոլը աշխարհաքաղաքական գործարքի է գնում Արևմուտքի հետ. Աշոտյան

Այն, ինչ մենք տեսնում ենք, այսբերգի գագաթն է միայն: Մենք տեսնում ենք, որ տարբեր մայրաքաղաքներ սեփական շահերն են բրդում «Խաղաղության պայմանագրի» տեքստի մեջ, մենք տեսնում ենք, որ Նիկոլը մեր շահը չի սպասարկում, և ստորագրման հետաձգումը կապված է ոչ թե նրա հետ, որ Նիկոլը պրոհայկական բան է ուզում անի ու չի ստացվում, այլ նրա հետ, թե համաշխարհային որ բրոկերի՝ Մոսկվայի, Վաշինգտոնի, թե Բրյուսելի հսկողության տակ կլինի Սյունիքով անցնող ապաշրջափակվող կոմունիկացիան: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հանրային դիսկուրսում հիմա այդ կռիվն է գնում: Ակնհայտ է, եթե Արևմուտքում կնքվեց, ապա նոյեմբերի 9-ի 9-րդ կետը չի աշխատելու, որովհետև Արևմուտքին սպանես չի համաձայնի ՌԴ վերահսկողությանը, իսկ եթե ռուսական կողմն է դրա վերջնական քավորը լինելու, ապա ակնհայտ է, որ այդ թեման լինելու է գերակա»,- շեշտեց Աշոտյանը:
Նա նաև մատնանշեց այն հանգամանքին, որ Սոչիում Պուտին-Փաշինյան հանդիպումից տեղեկատվություն չունենք:
«Ակնհայտ է, որ եղել է կոնտենտային զրույց, բայց ինչո՞ւ են մեզանից դա թաքցնում: Ռուսաստանի համար ավելի կարևոր է եռակողմ հայտարարություններով սահմանված օրակարգը. դա խաղաղության օրակարգ չի, դա կողմերին խաղաղության նախապատրաստելու օրակարգ է: Իսկ Նիկոլի այսպես կոչված խաղաղության օրակարգի տակ Նիկոլը փորձում է աշխարհաքաղաքական գործարքի մեջ մտնել Արևմուտքի հետ, և Հայաստանը պառակտվում է այդ աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին, ինչը մեզ համար դրսից եկող ամենալուրջ մարտահրավերն է»,- հավելեց Արմեն Աշոտյանը: