Փաշինյան-Հարությունյան հանդիպումը ոչինչ չի տալու, հանրահավքները Ստեփանակերտում շարունակելու ենք․ ցուցարար

Փաշինյան-Հարությունյան հանդիպումը ոչինչ չի տալու, հանրահավքները Ստեփանակերտում շարունակելու ենք․ ցուցարար

Նիկոլ Փաշինյան – Արայիկ Հարությունյան հանդիպումը որևէ բան չի փոխելու, Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների մասին իրականությունը չենք իմանալու։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտում հանրահավաքների կազմակերպիչներից Տիգրան Պետրոսյանը։ 

«Ցույցերի ժամանակ, երբ տեղեկացրեցին, որ պավիրակության կազմով հանդիպում է լինելու, մենք սխալվեցինք, որ ցուցարարներից մեկին չպահանջեցինք ներգրավել պատվիրակության կազմում։ Մենք ասում էինք՝ պատվիրակությունը հանդիպի,  ոչ թե Արայիկ Հարությունյանը։ Պատվիրակությունը գնացել էր Երևան այն պատճառով, որ մենք այստեղ հայտարարել էինք, որ Արայիկ Հարությունյանին չենք վստահում։ Նիկոլ Փաշինյան –Արայիկ Հարությունյան հանդիպումը լավ բանի չի բերելու»,-ասաց նա։ 

Տիգրան Պետրոսյանն ասաց, որ շարունակելու են հանրահավաքները, նստացույցը։ «Ակցիաները սկսել էինք ներքին քաղաքական կյանքում փոփոխությունների համար, բայց հետո եղան արտաքին զարգացումներ, Պրահայում քառակողմ հայտարարությունը եղավ։ Այն, ինչը հիմա կատարվում է, Արցախի հանձնում է։ Նիկոլ Փաշինյանը մեզ դարձրել է էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում, եթե վերջնական ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Արայիկ Հարությունյանն այնպիսի քաղաքականություն է վարում, որ անում է ամեն ինչ, որպեսզի ինտեգրացիայի գնա, կորցնենք մեր հայրենիքը»,-եզրափակեց նա։ 

Հիշեցնենք, որ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի հանդիպումը: Հոկտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ Արցախի նախագահի գլխավորած պատվիրակությունը ժամանելու է Երևան՝ ՀՀ իշխանությունների հետ քննարկելու Արցախի և Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը: Արցախյան պատվիրակության կազմում են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը և ԱՀ նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը։ 

Նշենք, որ կան տեղեկություններ, որ պատվիրակության մնացած անդամներին ընդունելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, երբ վերադառնա Մոսկվայից 

Անի Գևորգյան