Համակարգիչների տեսաքարտերի շուկայում վաճառքը կտրուկ աճել է

Jon Peddie Research-ի (JPR) վերլուծաբանները կտրուկ աճ են արձանագրել անհատական համակարգիչների համար նախատեսված տեսաքարտերի շուկայում: Այս մասին հայտնել է The Register-ը։
Փորձագետների տվյալներով՝ 2023 թվականի չորրորդ եռամսյակում վաճառվել է 9,5 մլն միավոր GPU։ Այսպիսով, տարեկան կտրվածքով վաճառքներն աճել են 32 տոկոսով։ Նախորդ եռամսյակի համեմատ աճը կազմել է 6,8 տոկոս։
JPR-ի վերլուծաբան Ջոն Փեդին ասել է, որ ԱՀ-ի բաղադրիչների այս հատվածի աճը կապ չունի արհեստական ինտելեկտի (AI) նկատմամբ սպառողների հետաքրքրության հետ: Ըստ Փեդիի՝ վիդեոքարտում նյարդային պրոցեսորային միավորի (NPU) առկայությունը այժմ ավելի շատ մարքեթինգային հնարք է:
Փորձագետը նշել է, որ վաճառքի աճի իրական պատճառը տեսաքարտերի արժեքի նվազումն է։ 2023 թվականի վերջին գրաֆիկական պրոցեսորներով առաջարկներն ավելի գրավիչ են դարձել սպառողների համար։
Ըստ Ջոն Փեդիի՝ COVID-19 համաճարակի և կրիպտոարժույթների բումի ժամանակ արտադրողները կարող էին գրեթե ցանկացած գին սահմանել վիդեոքարտերի համար, սակայն այժմ շուկան հանդարտվել է։