«Ալաշկերտը» վաճառելուց չեմ վախենում․ Բագրատ Նավոյան

Ի՞նչ նոր հիմարություններ են պտտվում, թե «Ալաշկերտը» վաճառում եմ։ Պղտոր ջրում ձո՞ւկ են որսում։ Նման խոսակցություններն այն մարդիկ են տարածում, որոնք նախանձում են «Ալաշկերտին» հասած հաջողությունների համար։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Բագրատ Նավոյանը։
«Փողոցային խոսակցություններ են պտտվում թիմս թուլացնելու համար, մյուս թիմերն էլ մտածեն, որ «Ալաշկերտը» վաճառվում է, տղերքս էլ չեն պայքարի չեմպիոնության համար, իրենք էլ մեզ կանցնեն․ թող չհավատան, իմ թիմում բոլորն ուժեղ տղամարդիկ են, չեն կոտրվելու։ Հիմա որ մեկն ասի՝ «Ալաշկերտը» վաճառում եմ, որ գնամ ՀՖՖ նախագահ, հետո էլ երկրի վարչապետ, պիտի հավատա՞ն»,-ասաց նա։
Նավոյանը նշեց, որ ակումբը վաճառելու ոչ մի նպատակ հիմա չունի, եթե վաճառի, ապա դա կլինի միայն այն դեպքում, երբ լավ գին վճարող լինի։
«Բայց չեմ վաճառելու ու այդ փողն ինձ վրա ծախսեմ, նպատակ ունեմ Մարտունիում ակումբ բացել, իմ մեծ նպատակն է, որին հասնելու եմ մի օր։ Հիմա չեմ վաճառում, ՀՀ-ում մեր ակումբը լավագույն թիմերից է, վաճառելու լինեմ, չեմ վախենալու՝ ուղիղ կասեմ»։
Ակումբը վաճառելու թեմային զուգահեռ խոսակցություններ էին պտտվում, թե հովանավորի հետ ևս պայմանագիր են խզել, սեփականատերը պնդում է՝ սա ևս հորինված է։
«Հովանավորի հետ մինչև դեկտեմբերի 1-ը պայմանագիր ունի, Կառավարությունը, ֆեդերացիան որոշեցին, որ բուքմեյքերական ընկերության գովազդ չի կարող լինել համազգեստների վրա։ Ամսի 11-ին ասում են, թե 14-ին այդ համազգեստով չմտնեք դաշտ։ Ես էլ տղերքի համազգեստը Գերմանիայից եմ պատվիրում, ամիսներ են տևում մինչև դրանք մեզ են հասնում, ստիպված եմ եղել փակել լոգոն ու տղերքին այդպես դաշտ թողնել»,-պարզաբանեց Նավոյանը։ Բայց, նրա խոսքով, ակումբում նույնիսկ ֆինանսական խնդիրներ չկան, աշխատավարձը ֆուտբոլիստները ժամանակին են ստանում: Սակայն վերջին շրջանում երկու ֆուտբոլիստներ՝ Ալեքսանդր Կարապետյանն ու Դավիթ Խուրցիձեն լքեցին ակումբը, պատճառները մինչև հիմա հստակ չեն։
Լիաննա Թորոսյան