Քրդերին բանավոր պայմանավորվածությա՞մբ են հանձնել Թուրքիային․ որևէ կառույց հստակ պատասխան չունի

Քրդերին բանավոր պայմանավորվածությա՞մբ են հանձնել Թուրքիային․ որևէ կառույց հստակ պատասխան չունի

Քրդստանի աշխատավորական կուսակցության երկու անդամներին Թուրքիային փոխանցելու լուրը համացանցում, լրատվամիջոցներում իրարանցում առաջացրեց։ 

Նշենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրել էր, որ քրդական աղբյուրները հայտնում են, որ Լեհենգ եւ Ալիշեր գաղտնանուններն ունեցած երկու մարտիկները հանձնվել են թուրքական գաղտնի սպասարկությանը՝ MIT-ին։ Թուրքերն, իրենց հերթին, հպարտությամբ հայտարարում են, որ տարիներ շարունակ որոնվող երկու քրդերը իրենց ձեռքում են հայտնվել գաղտնի հետախուզական գործողության արդյունքում։ 

Հայկական կողմից ո՞ր կառույցն է նրանց Թուրքիային հանձնել, պարզ չէ։ ԱԱԾ-ն հայտարարեց, թե դատապարտված անձանց հանձնման գործընթացը Ծառայության լիազորությունը չէ։ Արդարադատության նախարարությունն էլ լրացնելով ԱԱԾ-ի հայտարարությունը՝ հայտնեց, թե ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին իրենք չեն փոխանցել Թուրքիային։ 

MediaHub.am-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գերատեսչությունը վերոնշյալ անձանց արտահանձման գործընթաց չի իրականացրել։ Քրեակատարողական վարչության խոսնակ Նոնա Նավիկյանն էլ MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին հավելյալ տեղեկություն չունի։ 

Կառույցից կառույց պտտվելն ու այդպես էլ պատասխանատուին չգտնելը փաստաբան Վահան Հովհաննիսյանը մեկնաբանում է՝ որևէ մեկը չի ցանկանում այս անօրինական գործողությունների համար իրավական պատասխանատվություն ստանձնել։ 

«Կառույցից կառույց են գցում․ գուցե, այնքան է մեր երկրում ամեն ինչ բանավոր պայմանավորվածությամբ եղել, որ այս դեպքը ևս բանավոր պայմանավորվածության հետևանք է»,-ասաց նա։ 

Վահան Հովհաննիսյանը պարզաբանեց՝ ՀՀ-ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերույթյուններ չունի, ստացվում է արտահանձման վերաբերյալ որևէ պայմանագիր չունենք և, ըստ նրա, եթե անգամ դիվանագիտական հարաբերություններ ունենայինք և արտահանձման վերաբերյալ պայմանագիր լիներ, ամեն դեպքում կատարվածն անօրինական է։ 

«Յուրաքանչյուր դեպքում արգելվում է անձին հանձնել այն պետությանը, որտեղ նրա կյանքին կամ անվտանգությանը վտանգ է սպառնում։ Պահանջող պետությունը պետք է երաշխիքներ տրամադրի այն մասին, որ այդ անձին չեն խոշտանգի, կյանքին վտանգ չի սպառնա։ Չեմ կարծում, որ Թուրքիան նման երաշխիքներ կտրամադրի ՀՀ-ին։ Այդ անձինք Թուրքիայում հետախուզվում են ապստամբական գործողությունների համար։ Պատկերացրեք, օրինակ, Իրանը հետախուզվող արցախցիներին հանձնի Ադրբեջանին, նույն իրավիճակն է »,-պարզաբանեց նա։ 

Վահան Հովհաննիսյանը նաև նշեց, որ պատրաստ են ստանձնել երկու քրդերի պաշտպանությունը։ 

Լիաննա Թորոսյան