Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդել է Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ենթադրյալ կաշառքի գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել։
Ըստ նրա՝ դատավորը նիստերից մեկի ընթացքում հայտարարել է, որ պատրաստվում է քննության առնել պաշտպանների միջնորդությունը քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Դատավորը պատրաստվում էր քննել այդ միջնորդությունը 16։00-ին, իսկ մինչ այդ ցանկանում էր անցնել ապացույցների հետազոտմանը։ Ընդ որում՝ պաշտպանները նշել են, որ այդ միջնորդության լուծման արդյունքում հնարավոր որոշումներից մեկը բացառում է հետագա որևէ դատավարական գործողություն։
«Դատարանին ներկայացվել է նաև, որ միջնորդությունը մեղադրանքի պարզաբանման փուլի վերջին հնարավոր գործողությունն է, որի անտեսման դեպքում դատավարությունն ընթանալու է աննպատակ ու ձևական։ Սակայն դատարանը որոշել է իրագործել վերը նշված ընթացակարգը», - ասել է Խուդոյանը։
Պաշտպանն ընդգծել է, որ միջնորդությունը պայմանավորված է նախագահող դատավորի արհամարհական վերաբերմունքով դատավարության մասնակիցների և առհասարակ դատավարության նկատմամբ։