Ինչո՞ւ էր Ալիևը սպառնացել Արշակ Կարապետյանին, Կառավարության փիառի համար գումար է հատկացվել․ Մամուլը՝ սուրճով

Ինչո՞ւ էր Ալիևը սպառնացել Արշակ Կարապետյանին, Կառավարության փիառի համար գումար է հատկացվել․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» թերթը գրում է.

«Օրերս հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի որոշմամբ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից, պետնախարար է նշանակվել քաղաքաշինության նախկին նախարար Արամ Սարգսյանը: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հորեղբորորդին՝ Արթուր Հարությունյանը, վաղուց է ցանկացել ազատվել պաշտոնից: Նա նշանակվել էր Շահրամանյանի՝ նախագահ դառնալու շրջանում՝ անցած սեպտեմբերին։

Հարությունյանը մտադիր էր տեղափոխվել արտերկիր, մասնավորապես՝ Գերմանիա, ասում են՝ ընտանիքի Հայաստան տեղափոխվելուց հետո արդեն իսկ մեկնել է, սակայն նրա պաշտոնանկությունը ձգվել է ՀՀ իշխանությունների խնդրանքով: Ասում են՝ Արթուր Հարությունյանի միջոցով իշխանությունները կարողացել են նաեւ որոշակի քաղաքական գործընթացներ կանխել:

Բանն այն է, որ նա միակն է, որն ի պաշտոնե շփվում էր ՀՀ իշխանությունների, մասնավորապես, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ եւ համակարգում էր արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերը: Դրան զուգահեռ ՀՀ իշխանությունները նաեւ որոշակի մեսիջներ էին նրա միջոցով փոխանցում արցախյան քաղաքական դաշտին՝ ըմբոստ ու հայրենազուրկ զանգվածին պահելով կառավարելի տիրույթում։

Իսկ նոր պետնախարար Արամ Սարգսյանը քաղաքաշինության նախարար էր դեռ Ռուբեն Վարդանյանի պետնախարարության շրջանում, սակայն ազատվել է, երբ Գուրգեն Ներսիսյանն է դարձել պետնախարար։

Ասում են՝ Արթուր Հարությունյանը նաեւ փորձում էր ազգականի` Արայիկ Հարությունյանի շահերը ներկայացնել՝ ներազդելով խորհրդարանական ամենամեծ խմբակցության վրա: Սակայն հասկանալով, որ դա հնարավոր չէ, դիմում է գրել: Կան տեղեկություններ, որ ԱՀ խորհրդարանն առաջիկայում քննիչ հանձնաժողով է ձեւավորելու, որ ուսումնասիրեն Արցախբանկում պետության ունեցած մասնաբաժնի եւ այլ ֆինանսական հարցեր»:

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անցած տարեվերջին մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ալավերդու «գողականները» ծեծել են քպական պատգամավոր Արեն Մկրտչյանին: Նշվում էր, որ «վեճը եղել է քաղաքական հողի վրա. բանն այն է, որ Ալավերդիում իշխանությունը բարեհաջող «զավթելուց» հետո, ըստ պայմանավորվածության, Ալավերդու քաղաքապետի երրորդ տեղակալ էր նշանակվելու քաղաքի կիսագողական շրջանակներին հարող հայտնի «Սանահինցի Արմենչոն»:

Խոստումը չի կատարվել, և Արեն Մկրտչյանի մասնակցությամբ «սխոդկի» ժամանակ քաղաքի «գողական ապերները» քպական շրջանակներին պատին են դեմ տվել, բանը հասել է ծեծկռտուքի»: Ալավերդիում իրականացված իշխանազավթման հիմնական գործող անձանցից մեկը՝ Արեն Մկրտչյանը, շտապել էր հերքել այս տեղեկությունները՝ դրանք որակելով «էժանագին, ծիծաղաշարժ սուտ»:

Իրականում, Ալավերդու մեր աղբյուրները ոչ միայն փոխանցում են, որ նման միջադեպ իսկապես եղել է, այլև ներկայացնում են ուշագրավ նոր մանրամասներ: Զերծ մնալով «դետալներին» անդրադառնալուց՝ միայն նշենք, որ, մեր ունեցած տեղեկություններով, «սխոդկան» եղել է Հաղպատում՝ հայտնի «Քեֆիլ յան» ռեստորանում, կամ, ինչպես տեղացիներն են ասում, «Քեֆոյի օբյեկտում»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանի որդուն՝ Ակսեն Սաֆարյանին:

Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ, գնդապետ Գարրի Սաֆարյանին եւ նրա տիկնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին, հրավիրել են Գլխավոր դատախազություն։ Նրանք ծանուցագիր էին ստացել, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրենց պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Ծանուցագիրը ստանալու պահից՝ մեկ ամսվա ընթացքում, պետք է ներկայանալ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաեւ հայտարարագիր։

Բանն այն է, որ «Վերածնունդ» ՍՊԸ-ն ներառված է եղել Ստեփանակերտում բարեկարգման աշխատանք իրականացնող ընկերությունների թվում. այն 2020թ.-ի դրությամբ 263 մլն 981 հազար դրամի աշխատանքներ է իրականացրել: Ընկերության 50.3 տոկոսը պատկանում է գնդապետ Գարրի Սաֆարյանին, 49.7 տոկոսը նրա կնոջը՝ Ռիտա Բաղդասարյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց հայտարարագրերում Սաֆարյան Գարրին եւ Բաղդասարյան Ռիտան 2013-2017 թվականներին, աշխատավարձից բացի, այլ եկամուտ չեն ներկայացրել: Թե ինչ գույքերի առնչվող հարցերով են նրանք հրավիրվել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, բաց աղբյուրում նշված չէ։»։

«Հրապարակ» թերթը գրում է.

Վարչապետի աշխատակազմը 2024 թվականին էլ է ըստ ամենայնի զբաղվելու միայն սեփական փիառով, որի համար համապատասխան ֆինանսական միջոցներն արդեն, ըստ պահանջի, հատկացվել են։ Մասնավորապես հունվար ամսին վարչապետի աշխատակազմը տեսաֆիլմերի պատրաստման հետ կապված մի քանի պետական գնում է կատարել։

Հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 24 մլն 180 հազար դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։ Նույն ընկերությանը նույն օրը այլ պայմանագրի շրջանակներում եւս 7 մլն 640 հազար դրամ է տրամադրվել՝ Տեղեկատվության փոխանցման եւ հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայություններ մատուցելու համար։ Հունվարի 19-ին պայմանագիր է կնքվել նաեւ «Մեդիա Սիսթեմս» ՍՊ ընկերության հետ, որով ընկերությանը Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման ծառայությունների համար փոխանցվել է 12 մլն 169 հազար դրամ։ Ստացվում է, որ պետական բյուջեից մոտ 44 մլն դրամ է հատկացվել՝ կառավարությանը վերաբերելի ինչ-որ քարոզչական ֆիլմեր նկարելու համար։

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ոչ վաղ անցյալի իրադարձությունների մասին «Փաստին» ուշագրավ տեղեկություններ են հայտնի դարձել։ Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը վերջին շրջանում քաղաքական գործունեության հայտ է ներկայացրել և ղեկավարում է «Համահայկական ճակատ» շարժումը, պաշտոնից ազատվել է ՀՀ գործող իշխանության համար «անընդունելի» վարքագծի համար. բանն այն է, որ նա միակ բարձրաստիճան պաշտոնյան էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո մեկնել էր Արցախ և հանդիպել պաշտպանության բանակի հրամանատարության հետ։

2021 թվականի նոյեմբերի 6-ին Կարապետյանը Արցախի պաշտպանության նախարար Կամո Վարդանյանի հրավերով մեկնել էր Արցախ, Ստեփանակերտում մասնակցել էր պաշտպանության բանակի ղեկավար կազմի աշխատանքային խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել էին անվտանգային խնդիրների հետ կապված հարցեր։ Այդ ողջ ընթացքում ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ նրա իշխանության որևէ այլ ներկայացուցիչ չէր համարձակվել մեկնել Արցախ, իսկ այցերի վերաբերյալ հարցերին խուսափողական պատասխաններ էին տալիս։ Այսինքն, Աղդամն իրենց հայրենիքը կոչող և մինչև պատերազմը պաթետիկ լուսանկարներ տարածող իշխանականները այլևս Արցախ չեն մեկնել։ Արշակ Կարապետյանի այս այցն Արցախ չափազանց մեծ աղմուկ էր բարձրացրել և վրդովեցրել էր փաշինյանական իշխանությանը, ավելին՝ նոյեմբերի 8-ին՝ Արցախից վերադառնալուց արդեն մեկ շաբաթ անց, Նիկոլ Փաշինյանը Արշակ Կարապետյանին փոխարինեց Սուրեն Պապիկյանով։

Նշենք, որ Բաքուն դատապարտել էր Կարապետյանի այցը Ստեփանակերտ՝ պնդելով, որ «Ղարաբաղի ապօրինի ռազմական խմբավորումների հետ հանդիպումները և հայտարարությունները նրանց մարտունակության մասին, ռազմաքաղաքական սադրանք են»։ Այդ այցից հետո Ալիևն անձամբ էր իր խոսքում սպառնացել Արշակ Կարապետյանին։ Հավելենք, որ մինչ այդ այցը ադրբեջանական ուժերը սկսել էին գնդակոծել Հայաստանի տարածքը, Հայաստանի զինված ուժերը դիմադրություն էին ցույց տվել, կրակել ադրբեջանցիների ուղղությամբ՝ բավականին ծանր կորուստներ պատճառելով նրանց։

Ի դեպ, ուշագրավ մի պատմություն կա Արշակ Կարապետյանի՝ Արցախ կատարած այցի հետ կապված։ Մեր հավաստի աղբյուրը պատմում է, որ անգամ գործող իշխանության շրջանակներում հարգանքով են խոսում այդ դեպքի մասին: Նախարարն Արցախ մեկնել էր մեքենաներով, ընդ որում՝ ձեռքին կրելով նռնակ, և ենթականերին հրամայել էր մեքենան վարել առանց վախի զգացման։ Նա նաև չէր համաձայնել մեկնել ոչ զինվորական համազգեստով, փոխել ավտոմեքենաների համարանիշները և հանել փարոսիկները: