Ո՛չ ուտելիք կա, ո՛չ գրենական պիտույք, ո՛չ հագուստ, ի՞նչ դպրոց․ արցախցի մայրիկներ

Ո՛չ ուտելիք կա, ո՛չ գրենական պիտույք, ո՛չ հագուստ, ի՞նչ դպրոց․ արցախցի մայրիկներ

Ութ ամսից ավելի է՝ Արցախը գերության մեջ է։ Հայկական երկրորդ պետությունում ապրելն օր օրի ավելի բարդ ու անտանելի է դառնում։ Մարդիկ անգամ ցամաք հաց չունեն, քաղցր թեյ խմելն էլ նմանվել է երազանքի։ Այս ամենի ֆոնին նոր ուսումնական տարվա մասին մտածելն արցախցուն անլուրջ է թվում։

«Սոված, առանց գրենական պիտույքի, առանց հագուստի ի՞նչ դպրոց»,- ասում են արցախցի մայրիկները։

Արցախցի Լիանա Առուշանյանը MediaHub.am-ի հետ զրույցում նշեց, որ նախ իրենք՝ ծնողները պետք է հոգեբանորեն պատրաստվեն, ապա նոր երեխաներին դպրոց ուղարկելու մասին մտածեն։

«Այս նյարդային վիճակում ինչի՞ն պատրաստվես»,- ասաց նա։

Մեկ այլ մայրիկ՝ Էլինա Ղազարյանն էլ պնդում է՝ պետք չէ այս վիճակում երեխային դպրոց ուղարկել։ Նույն կարծիքին է նաև արցախցի Էլենա Միրզոյանը։ Նա ևս կարծում է՝ նման վիճակում դպրոցին պատրաստվելը շատ դժվար է։

«Ես էլ չորս երեխա ունեմ, բայց այս պայմաններում չեմ պատրաստվում երեխաներիս դպրոց ուղարկել, ուսումը կարևոր է, բայց այս պայմաններում չեմ ուղարկի»,- նշեց մեկ այլ մայրիկ։

Հինգ երեխաների մայր Նունե Մովսիսյանն էլ նշում է՝ տարրական դասարանում սովորող երեխաների համար ոչինչ հնարավոր չէ գտնել Արցախի խանութներում։

«Ո՞նց պատրաստվեմ, ոչ գրենական կա, ոչ՝ շոր։ Ամենակարևորը՝ ի՞նչ պիտի ուտեն, որ գնան դպրոց, կամ գալուց ի՞նչ պիտի ուտեն։ Բացի այդ, ինչպե՞ս պիտի դասապատրաստում անենք, եթե ես ամբողջ օրը հացի հերթերում եմ անցկացնելու։ Դե եկ, էս պայմաններում ժամանակ գտի, երեխաներին դաս սովորեցրու»,- նշեց նա։

Բայց և այնպես, կան նաև մայրիկներ, որոնք պատրաստ են այս սուղ պայմաններում երեխաներին դպրոց ուղարկել, որպեսզի վերջիններս հետ չմնան հասակակից այլ երեխաներից։

«Ճիշտն ասած մեկ ամիս առաջ, տեսնելով այս իրավիճակի լրջությունը, արդեն կամաց-կամաց սկսեցի։ Առաջնահերթ կոշիկ գնեցի` լավ պատկերացնելով, որ երեխայի ոտքերը մեծանում են, իսկ հինն արդեն չափսերով փոքր է լինելու ու հաստատ նոր ներմուծում չի լինելու։ Հետո փոքր դստրիկիս համար ավագ դստեր արդեն փոքրացած, բայց լավ վիճակում մնացած շորերն եմ հանել։ Իսկ մեծ բալիկիս համար քաղաքում եղած շորիկներից եմ ընտրել, թեկուզ ոչ դասական դպրոցական, դե բայց հնարավոր է նաև դպրոցում հագնել, ու մի քանի գրենական եմ գնել, բերել տուն հասցրել»,- մեզ հետ զրույցում պատմեց Ելենա Պողոսյանը։ 

Նա նշեց, որ անցած տարի իր բալիկը նախադպրոցական էր ու իրենք` ծնողներով,  պայմանավորվել են ամենքը մի հացի կտոր դնեն հետները, որ երեխաները սոված չմնան ու իրարից չտարբերվեն։

«Ինձ թվում է էս տարի նույնպես կանենք, որ մեր բալիկները կրթվեն և ուրիշ պետությունում ապրող հասակակիցներից չտարբերվեն»,- ասաց նա։

Ծնողների կարծիքները տարբեր են, բոլորն էլ՝ արդարացի։ Արցախցի փոքրիկն իրավունք ունի կրթություն ստանալու, բայց հարց է ծագում՝ թերսնված երեխան արդյո՞ք ունակ է սովորելու։

Նարե Գնունի