«Փախչող մարդ չէր»․ ո՞վ է քննչականի պատուհանից ցած նետված տղամարդը

«Փախչող մարդ չէր»․ ո՞վ է քննչականի պատուհանից ցած նետված տղամարդը

ՀՀ ՔԿ-ն քիչ առաջ հայտարարություն տարածեց, որ Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության երրորդ հարկի միջանցքի պատուհանից ցատկել է և մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

MediaHub-ի հետ զրույցում Հովտաշենի վարչական ղեկավար Արմեն Ալեքսանյանը պատմեց, որ կատարվածն իրենց համար շոկային է։

«Անսպասելի էր, որ Միսակը նման քայլի կգնար, բոլորիս համար ցավալի դեպք է։ Ես չեմ կարող ասել, թե ինչ է տեղի ունեցել, բայց ինքն այնպիսի մարդ էր, որ չէր փախչի ոչնչից, փախչող մարդ չէր»,-ասաց նա։ 

Դիտարկմանը, թե մնում է միայն ինքնասպանության տարբերակը, վերջինս պատասխանեց՝ իրավապահ մարմինները կպարզեն։ 

Հարցին, թե հարազատներն այդ ժամանակ տարածքո՞ւմ են եղել, Ալեքսանյանը պատասխանեց՝ ոչ։ 

«Ես նրա եղբոր հետ էի, ընտանիքի մյուս անդամներն էլ տարածքում չէին։ Նրան երկու օր առաջ էին իրավապահները տարել, սահմանված ժամանակը լրացել է, հետո, հավանաբար, կալանավորման որոշում է կայացվել, որից հետո էլ այս դեպքն է եղել։ Ասում են՝ թմրանյութ է իր մոտ հայտնաբերվել, ես չգիտեմ, թե այդ թմրանյութն իր մոտ ինչ գործ ուներ, օգտագործում էր, թե ոչ։ Բայց ինչ էլ լինի, ինքը շատ դրական մարդ էր, հարգված, լավ համբավով, կամեցող»,-նշեց վարչական ղեկավարը։ 

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի և 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի բնակիչ Միսակ Պողոսյանին 2022 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ներկայացվել է մեղադրանք՝ առանձնապես խոշոր չափերով շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր, մասնավորապես շուրջ 200 «Կանեփ» տեսակի բույս աճեցնելու, ինչպես նաև իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 277 գրամ քաշով մի քանի տասնյակ փաթեթներով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի շրջանառության համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել բացակայելու արգելքը։ 

Ավելի ուշ՝ օպերատիվ նոր տվյալների իրացման արդյունքում, նրա ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է տետրահիդրոկաննաբինոլ բուսական խառնուրդ տեսակի թմրամիջոց։ Ելնելով դրանից՝ մեղադրանքը լրացվել է, նրա նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանքի երկամսյա ժամկետը լրանալուց հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ, որը, սակայն, դատարանի որոշմամբ, մերժվել է, և անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Դրանից հետո, պարզվել է, որ Մ. Պողոսյանը, քննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, ապօրինի ձեռք է բերել «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել և վերցվել է 2023թ. ապրիլի 25-ին նրա անձնական խուզարկությամբ: Քրեական վարույթով ձեռք բերված նոր տվյալների հիման վրա դատախազի որոշմամբ՝ նրա նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել, ինչից հետո մեղադրանք առաջադրելու և դատարան ներկայացնելու նպատակով քննիչի կողմից Ոստիկանությանը հանձնարարություն է տրվել Մ. Պողոսյանին ներկայացնելու վարույթն իրականացնող մարմնին։ Ոստիկանության ծառայողները, ի կատարումն քննիչի հանձնարարության, 2023թ. ապրիլի 27-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն են ուղեկցել Մ. Պողոսյանին։ Վարչության երրորդ հարկում, միջանցքում, ուղեկցող ոստիկանների հետ պաշտպանին սպասելու ընթացքում Մ. Պողոսյանը, նախնական տվյալներով փախուստի դիմելու նպատակով, հանկարծակի ցատկել է շենքի 3-րդ հարկի պատուհանի տակ գտնվող սեղանի վրա և պատուհանից ցած նետվել։ 

Արդյունքում ստացած վնասվածքներից վերջինս մահացել է։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի (պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 506-րդ հոդվածի 1-ին մասի (արգելանքի վերցված, ձերբակալված, կալանավորված կամ քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձի փախուստը կամ ազատությունից զրկելու հետ կապված պատիժը կրելուց խուսափելը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Կատարվել է դեպքի վայրի, ինչպես նաև դիակի արտաքին զննություն, որի արդյունքում մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Լիաննա Թորոսյան