Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետը, Ճանապարհից երևում են նշաձողերը․ Մամուլը՝ սուրճով

Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ՌՈ պետը, Ճանապարհից երևում են նշաձողերը․ Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Ոստիկանական զորքերի երեկվա «Կոլցո» օպերացիայից հետո Կիրանցի՝ դեպի դաշտամիջյան գնացող ճանապարհը թեպետ բացվել է, եւ ականազերծողներն աշխատանքներ են երեկվանից սկսել, սակայն բնակիչները չեն հուսահատվել ու զենքերը վայր դրել։

Կիրանցի բնակիչները մեզ պատմել են, որ երեկ ողջ օրն ամբողջ գյուղով հետեւել են՝ արդյոք Կիրանցում է՞լ են կանգնեցնելու Հայաստանի «տապանաքարերը», ինչպես նրանք անվանում են սահմանազատման սպիտակ սյուները: Բնակիչները քննարկել են, որ առաջին սյան հայտնվելուն պես պետք է կազմակերպված գրոհել եւ հեռացնել իրենց դաշտերից այդ սյուները։

Նշենք, որ երեկ Կիրանցում սահմանազատման, ասել է թե՝ հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, ով ողջ օրը հրահանգավորել է իր ենթականերին, թե ինչ անեն, ինչպես անեն, որ հնարավորինս գոհացնեն Նիկոլ Փաշինյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Մայիսի 1-ին Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը եւ «Ռենշին» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարությանը ստորագրել են Համաշխարհային առեւտրի կենտրոն (WORLD TRADE CENTER (WTC) կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիր։

Կնքվել է նաեւ մեկ այլ եռակողմ պայմանագիր՝ ՀՀ կառավարության, «Ռենշին» ՍՊԸ-ի եւ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից, որով կստեղծվի «Համաշխարհային առեւտրի կենտրոն Երեւան» փակ բաժնետիրական ընկերությունը։

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 210 մլն ԱՄՆ դոլար։

Ծրագրով նախատեսվում է ստեղծել կոնֆերանս դահլիճներ՝ միջազգային ֆորումների, գագաթնաժողովների եւ այլ միջոցառումների իրականացման համար, մշակութային հարթակ՝ համերգասրահ, ցուցասրահներ ժամանակակից արվեստագետների համար, EXPO սրահ, գործարար կենտրոն՝ նոր ստարտափների, նախաձեռնությունների եւ գործարար ակտիվություն ծավալելու համար: Զբոսաշրջության նոր լոկացիա՝ այս վայրը կձեւափոխվի հյուրերի հետ շրջանցման ենթակա վայրից այցելության համար պարտադիր վայրի։ Ստացվում է, որ Սարյան 22 հասցեում գտնվող «ՀայՓոստ»-ի շենքի փոխարեն՝ Սարյան եւ Պարոնյան փողոցների միջնամասում կստեղծվի մեծ համալիր շենք։

Հիշեցնենք, որ «Ռենշին» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հովանավորության ներքո։ Թեպետ ինքը՝ Գրիգորյանը չի հաստատում այդ լուրերը, սակայն «Ռենշին» ՍՊԸ-ի հետ պարբերաբար կնքած պայմանագրերը այլ բան են փաստում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ 

Երեկ ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում, ինչպես հայտնի է, բացվեց Կիրանցից դեպի ականապատված դաշտեր տանող ճանապարհի մուտքը, բայց ոչ միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը, որը փակ է արդեն մոտ երկու շաբաթ։ Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են ընթանում, սակայն իշխանական շրջանակներում կասկած չունեն, որ այդ գործողություններից հետո էլ ոստիկանները ջանքեր չեն գործադրի՝ բացել միջպետական ճանապարհը, քանի որ դրանով ավելի շատ կվնասեն իշխանություններին, քան կօգնեն։

Բանն այն է, որ Կիրանցից դեպի մյուս գյուղեր՝ Ոսկեպար, Բաղանիս եւ այլուր տանող ճանապարհից արդեն երեւում է Փաշինյանի բերած  աղետը՝ նոր սահմանի նշաձողերը կամ, ինչպես ինքն է ասում՝ «պատմական սյուները»: Հայկական կողմը կարեւոր դիրքեր է հանձնել Ադրբեջանին, եւ, ըստ էության, այդ ճանապարհով երթեւեկելը, քանի դեռ սահմանի վերջնական ճշգրտում չի արվել, վտանգավոր է եւ իշխանության օգտին չի լինի, եթե ոչ տեղացիներն էլ սեփական աչքերով տեսնեն նոր իրողությունը եւ տեսանելի տարածքում գտնվող թշնամու ներկայությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարը մարտի 1-ից՝ ՀՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցել, եւ այն այս պահին ուսումնասիրում են։ Ավելին, ըստ մեզ հասած լուրերի՝ վարույթի հարուցման հիմքը «Մարտի 1–ի» գործն Է։

«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական վարույթների մասով տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»: