Քաղաքացիական հագուստով Փաշինյանի անվտանգության աշխատակիցները զոհված զինծառայողների ծնողների շարքերում էին՝ պատրաստ ուժ կիրառելու (լուսանկարներ)

Օրերս զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին իրականացնում Դատախազության դիմաց։ Ակցիայի մասնակիցների շարքերում մեծ թվով ԱԱԾ և ՊՊԾ աշխատակիցներ (Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները) կային։ Նրանք բոլորը քաղաքացիական հագուստով էին և առաջին հայացքից աչքի չընկնող։ Վերջիններս այնտեղ էին հստակ հրահանգով՝ զոհված զինծառայողների ծնողների գործողությունները զսպելու համար, որպեսզի անհրաժեշտության դեպքում` ուժ կիրառելով կանխեն նրանց գործողությունները։
Քանի որ զոհված զինծառայողներին և նրանց ծնողներին վերաբերող ցանկացած իրադարձություն հասարակական լայն քննարկումների առիթ է դառնում, նման քննարկումներից և ավելորդ ուշադրությունից խուսափելու համար իշխանությունները որոշել էին նրանց ներկայությունը և հետագա գործողությունները ապահովել քաղաքացիական հագուստով։
Նշենք, որ սա առաջին կամ միակ դեպքը չէ, երբ իշխանությունները, վախենալով ակցիայի մասնակիցների հնարավոր հաջողությունից, իրենց ապահովագրում են ծպտյալ իրավապահներով։