Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց. փաստաբան

Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց. փաստաբան

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց։ Այս մասին MediaHub.am-ին փոխանցեց Բախշիյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։ 

Նշենք, որ Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցված են։ 

Երեմ Սարգսյանը հայտնեց, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց վճիռը՝ արդարացնելով Բախշիյանին՝ ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը։ 

«Մենք բոլոր հարցերը բարձրացրել ենք դատարանում, մեր ճառերում պնդել ենք, որ Բախշիյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է եղել, դրա վերաբերյալ հիմնավորումները ներկայացրել ենք, նաև վճռաբեկ բողոք ենք ներկայացրել։ Բայց սրանով չենք բավարարվել, նաև փաստարկներում նշում էինք, որ եթե անգամ դատարանը գտնի, որ քրեական հետապնդումն ապօրինի չի եղել՝ մենք անդրադարձել ենք փաստերին և ապացույցներին, և մեր հիմնավորումներում նշել էինք, որ, ըստ էության, չի հիմնավորվում, որ նա ընդհանրապես հանցանք է կատարել, որ նրա արարքում որևէ հանցագործություն չկա»,-ասաց նա։ 

Երեմ Սարգսյանը նշեց, որ չնայած դատարանն արդարացման վճիռ է կայացրել, սակայն տեքստը դեռ չունեն ու չգիտեն, թե դատարանն ինչ հիմնավորումներ է նշել։ Վերջինս հավելեց, որ ուսումնասիրելուց հետո վճռին նորից կանդրադառնան։ 

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին ԲԴԽ-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացվել էր երկու միջնորդություն՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին և դատավորին ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին։ Խորհուրդը միաձայն որոշել էր ներկայացված երկու միջնորդությունը բավարարել: 

Նշենք, որ հունվարի 26-ին Բորիս Բախշիյանի որոշմամբ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանն ազատ էր արձակվել: Բորիս Բախշիյանը քննում էր նաև Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի, Գորիսի փոխքաղաքապետեր Մենուա Հովսեփյանի և Իրինա Յոլյանի քրեական գործերը: 

Լիաննա Թորոսյան