Հայաստանի դժգոհությունները հիմնավոր են․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 20-ին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը կոչ է արել չխուսափել խնդիրներից, այլ լուծել դրանք, որքան էլ դժվար լինի. այս մասին հաղորդում է Belta գործակալությունը։
Երկրի ղեկավարը նշել է, որ կազմակերպության համար դժվար ժամանակներ են և պահանջվում է ուժերի, փորձի և ռեսուրսների առավելագույն մոբիլիզացիա՝ խաղաղությունը պահպանելու համար։
Գնահատելով ՀԱՊԿ-ի գործունեությունը` Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ կազմակերպությանը երբեմն իրավացիորեն են քննադատում։
«Օրինակ՝ Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտությունը լուծելու համար։ Հայաստանի կողմից ևս հիմնավորված պնդումներ են առաջ քաշվում։ Եթե մենք չլուծենք այդ խնդիրները, ապա ՀԱՊԿ երկրները միշտ կդժգոհեն կազմակերպության աշխատանքից»,- վստահեցրել է Բելառուսի նախագահը։
Հիշեցնենք, որ այսօր Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը։