«Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք»․ Բերձորի եկեղեցու տեղը մզկիթ չի եղել, Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը

«Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք»․ Բերձորի եկեղեցու տեղը մզկիթ չի եղել, Ադրբեջանը շարունակում է կեղծել պատմությունը

«Ի՞նչ մզկիթի մասին կարող է լինել խոսքը։ Տարածքը, որտեղ 1996-1999 թվականներին կառուցվեց Սուրբ Համբարձման եկեղեցին, այդտեղ ոչինչ չի եղել։ Իր բարձրադիր գոտու համար է ընտրվել վայրը, որ եկեղեցին տեսանելի լինի ամբողջ Բերձորից»,- MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով օկուպացված Բերձորում հայկական եկեղեցու հիմնահատակ ոչնչացմանն ու տեղը մզկիթի կառուցմանը՝ ասում է վավերագիր-լրագրող Զոհրաբ Ըռքոյանը։

Նրա ընտանիքը ևս Բերձորի ազատագրումից հետո հաստատվել է Քաշաթաղի շրջանում, ապրել մինչև 2020 թվականի աղետալի պատերազմը։ Ըռքոյանը խոսում է ոչ միայն Բերձորի, այլև ամբողջ Քաշաթաղի շրջանի մասին։

«Բերձորը հարակից գյուղարանքներով մտնում էր Արցախ նահանգի Բերդաձորի ենթաշրջանի կազմի մեջ, իսկ գետի մյուս կողմի բնակավայրերը պատկանում էին Սյունիքի մարզին։ Մեր աչքի առաջ, աշխարհի աչքի առաջ խեղում են փաստերը, կեղծում պատմությունը, ամեն ինչ անում իրենցով»,- իր մտահոգությունն է հայտնում մտավորականը, ով տասնամյակներ շարունակ ապրելով Քաշաթաղում, հաշվառել է տեղի հին հայկական սրբատեղիները։ 

«4-րդ դարին թվագրվող Ծիծեռնավանքը,  Վարազագոմի վանքը՝ 9-րդ դար, Մկնատամի խաչ մատուռ-եկեղեցին՝ 12-րդ դար, Կատոսավանքը՝ 9-րդ դար, Միրիկի Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ 17-րդ դար, Մայրաջրի վանքը՝ 9-րդ դար, Հոչանցի անապատ-եկեղեցին՝ 1612 թվական, Քրոնից վանքը 13-րդ դար ու այսպես շարունակ։ Բացի այս, հայտնաբերվել են բազմաթիվ խաչքարեր ու սրբատեղիներ»,- ընդգծում է Ըռքոյանը։ 

Նշենք, որ օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին քանդելուց հետո Ադրբեջանն այժմ մզկիթ է կառուցում։ Ադրբեջանի պետական խորհուրդը դեռ 2 տարի առաջ է հայտնել Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մտադրության մասին։ Վերջիններս պատճառաբանել են, թե եկեղեցու տեղում նախկինում մզկիթ է եղել, սակայն MediaHub-ի զրուցակիցը հերքում է։

«Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին կառուցվել է 1996-1999 թվականներին, որի նախաձեռնությունը Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսան Հակոբյանինն է։ 1996 թվականի մարտի 3-ին եկեղեցու հիմքը դրվել է փոքրիկ բարձրության վրա։ Գմբեթի խաչի օծումը կատարվել է 1998 թվականի մայիսի 31-ին։ Նախագծի հեղինակը և վերահսկողը ճարտարապետ Հրաչյա Գասպարյանն է, քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը, սրբապատկերների նկարիչը՝ Կարո Մկրտչյանը, շինարարների ղեկավարը՝ Գեորգի (Մենուշ) Առաքելյանը։ Եկեղեցու բացման առաջին օրից շրջանի հոգևոր հովիվն է եղել Հայր Աթանաս վարդապետը, իսկ 2019 թվականից հոգևոր հովիվն էր Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը, հիմնական քանդակազարդերի հեղինակը հայ անվանի քանդակագործ Արտաշես Հովսեփյանը։ Մուտքին բարավորի Աստվածածինը Մանկան հետ, արևելյան ճակատին՝ յաթաղան կոտրող արծիվը, որի տակ գրված է Գրիգոր Նարեկացու խոսքը՝ «Թաղեցեալք լինիմք, եւ ո՛չ խոնարհիմք»»...

Հունան Թադևոսյան