Հայաստանը Գազա հումանիտար օգնություն կուղարկի

Հայաստանը Գազա հումանիտար օգնություն կուղարկի

Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Այս մասին Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` Հայաստանը վերապրել է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: 

«Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն»,- ասել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը, ըստ Փաշինյանի, մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։