Հրաման չկատարողից՝ հերոս. ինչպե՞ս է փրկարարը «գողացել» ԱԻՆ մեքենան, ապա նվիրել ԱԻՆ-ին

Հրաման չկատարողից՝ հերոս. ինչպե՞ս է փրկարարը «գողացել» ԱԻՆ մեքենան, ապա նվիրել ԱԻՆ-ին

Սեպտեմբերի 19-ին հաջորդած իրադարձություններից ու գրեթե բոլոր արցախցիների՝ սեփական տներից բռնի տեղահանվելուց հետո միայն հայրենի հողը լքեցին արցախցի փրկարարները, որոնք մինչև վերջին պահը զբաղված էին պատերազմի ու սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով մահացած մարդկանց մարմինները փնտրելով: 

MediaHub.am-ը հենց Կոռնիձորից էր հրատապ թողարկմամբ ներկայացնում, թե ինչպես են մայր Հայաստան գալիս ՆԳ նախարարության աշխատակիցները՝ իրենց հետ բերելով ԱԻՊԾ-ի բոլոր թարմ ու նոր մեքենաները: Այդ ժամանակ մենք ներկայացրել էինք, որ Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի անմիջական հրամանով ու ուղեկցությամբ են մեքենաները բերվել Հայաստան, սակայն, երեկ Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական էջում հայտնվեց նյութ, ըստ որի՝ Մարտունու ՓԾ-ում աշխատած Մարատ Ավետիսյանը իրեն ամրակցված մեքենան՝ առանց վերադասի հրամանի և բացառապես իր նախաձեռնությամբ բարձել է սննդով ու ջրով ու հայրենակիցներից մի քանիսին վերցնելով եկել է Հայաստան, մեքենան էլ նվիրել է Քաջարանի փրկարար ծառայությանը:

Հավատարիմ մնալով իր ընթերցողին հավաստի ու ճշտված տեղեկատվություն տրամադրելու սկզբունքին՝ MediaHub.am-ը կապ հաստատեց ԱՀ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Մեխակ Արզումանյանի հետ՝ հասկանալու, թե արդյո՞ք եղել են դեպքեր, երբ ԱԻՆ աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ են տեխնիկան բերել Հայաստան, ու արդյո՞ք ճշգրիտ չէր MediaHub-ի ինֆորմացիան, որ տեխնիկան Արցախից Հայաստան է բերվել հստակ հրամանով ու բավականին ակտիվ բանակցություններից հետո:

«ՓԾ բոլոր նոր մեքենաները Արցախից Հայաստան են բերվել նախարարի հրամանով, այդ մեքենաներից մեկի վարորդն էլ ձեր նշած Մարատն է: Նրան հրաման է տրվել մեքենան Մարտունուց տեղափոխել Ստեփանակերտ, որ այնտեղից էլ բերենք Հայաստան: Այդ տղան ու իր բոլոր համածառայակիցներն այդ հրամանից հետո թողել ու լքել են մշտական տեղակայման վայրը՝ թողնելով բաժնի ու հրշեջ-փրկարար մասի պետերին: Հետո նոր արդեն, երբ բաժնի պետերը սկսել են տարհանել ժողովրդին, այդ ժամանակ այդ տղան՝ առանց հրամանի, ՓԾ մեքենան իր անձնական իրերով բարձում է ու գալիս Հայաստան: Կարելի է ասել՝ ինքն այդ մեքենան գողացավ, չբերելով Ստեփանակերտի տեղակայման վայր, տեղափոխեց Հայաստան: Հինգ-վեց օր հետո ենք մենք իրեն գտել»,- ներկայացրեց Արզումանյանը:

Նա նկատեց՝ Մարատ Ավետիսյանը չի կատարել ծառայողական հրամանը և ծառայակիցներից էլ մի քանի օր շուտ է դուրս եկել Արցախից. դա այն ժամանակահատվածն էր, երբ Մարտունու և Մարտակերտի բնակիչներն էին գալիս դեպի Հայաստան:

«Ինքն իրավունք չուներ նաև մեքենան որևէ ՓԾ-ի նվիրելու, հատկապես, որ կար որոշում՝ բոլոր մեքենաները բերվելու են ՀՀ ԱԻՆ կենտրոնակայան, ապա բաշխվելու են՝ ըստ անհրաժեշտության: Բացի այդ, Մարատը մեքենան նվիրել է Քաջարանի ՓԾ-ին այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ իրեն ենք փնտրում: Մենք, երբ հստակ տեղորոշել էինք, թե որտեղ է մեքենան, կապ ենք հաստատել Քաջարանի մեջ գործընկերների հետ, բայց նրանք չեն իմացել՝ որտեղ է մեքենան: Եթե իրենց նվիրված լիներ այդ մեքենան, երկու օր չէին փնտրի: Հիմա մենք արդեն դիմել ենք, որ Քաջարանից մեքենան բերվի Երևանի կենտրոնակայան: Դրանից հետո թող այստեղ ՆԳ նախարարությունը որոշի՝ ուր ուղարկել այդ մեքենան»,- ամփոփեց խոսքը Մեխակ Արզումանյանը: