ԱԺ նախագահի եղբոր կնոջը կալանքի ուղարկած դատավորը եղել է Ալեն Սիմոնյանի ենթական

Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանը հրապարակեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ երեկ չարաշահումների գործով ձերբակալված Անի Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ նախաքննական միջնորդության քննության որոշումը, ըստ որի՝ Անի Գևորգյանը կալանավորվեց երկու ամսով։
ԱԺ նախագահի եղբոր տիկնոջը երկամսյա կալանքի ուղարկած դատավորը նույնպես կին է՝ Մերի Մոսոյանը։ Իսկ ո՞վ է նա։ Պարզվում է՝ Մոսոյանը մինչ դատավոր դառնալը աշխատել է Ազգային ժողովում, ընդ որում՝ հենց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ենթակայությամբ։ Մասնավորապես, 10․2019 -03․2020 թթ․ Մերի Մոսոյանն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժնում՝ որպես առաջատար մասնագետ, 03․2020 – 05․2021 թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ, իսկ
05․2021 -05․2022 թթ․ աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում՝ որպես բաժնի պետ։
Իսկ 2022թ. հուլիսի 30-ին ՀՀ նախագահի՝ թիվ ՆՀ-196-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր:
Վահե Մակարյան