24-ամյա վարորդը «Tesla»-ով Հանրապետության հրապարակի մոտ կոտրել է աղբամաններն ու նստարանը, հայտնվել կանաչ «գազոնում»

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Սուրեն Ավագյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյան փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 աղբամաններին, ապա նստարանին և հայտնվել կանաչ գազոնում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել նույն վաշտի պարեկ Կարեն Քարամյանն ու կրտսեր պարեկ Արթուր Համբարձումյանը։
Վթարի Փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
© https://shamshyan.com/hy/article/2024/10/26/1271993