Պատգամավորների միջնորդությունները ստացվել են, պատասխանը կլինի մի քանի օրից

Պատգամավորների միջնորդությունները ստացվել են, պատասխանը կլինի մի քանի օրից

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վեց տասնյակից ավելի պատգամավոր անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել ինչպես գլխավոր դատախազին, այնպես էլ Քննչական կոմիտե, որ փոխվեն «Սիներջի» ընկերության նախկին ու ներկա աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի, ինչպես նաև ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը այլ՝ ավելի մեղմ խափանման միջոցով։

Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլեն Սիմոնյանի կինն է, երկու անչափահաս երեխաների մայր, Լիլի Մկրկյանն էլ իր խնամքին ունի երկու տարեկան մանկահասակ երեխա, որը մայրական կաթով է կերակրվում։ Ու պատգամավորները հայցում են, որ դատախազությունը և Քննչական կոմիտեն ընդառաջ կգնան և կփոխեն կիրառված խափանման միջոցը։ 

Mediahub-ը այս հարցով դիմեց թե՛ գլխավոր դատախազությանը, թե՛ Քննչական կոմիտեին՝ հասկանալու, թե արդեն ստացե՞լ են պատգամավորների ներկայացրած միջնորդությունները, և ի՞նչ ընթցաք է տրվել դրանց։ Հիշեցնենք, որ պատասխանի կամ իրավապահ մարմինների դիրքորոշման մասին խոսելը դե ռվաղ է՝ այսօրինակ միջնորդությունները քննվում են յոթ օրվա ընթացքում։ Այսինքն՝ մյուս շաբաթվա ընթացքում նոր կիմանանք՝ բավարարե՞լ են, թե՞ ոչ։ Թեև մամուլում արդեն հոռետեսական կանխատեսուներ կան, որ ՔՊ-ական պատգամավորների միջնորդությունը մերժվելու է։

Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան կարճ պատասխանեցին, որ Դատախազությունը ստացել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին միջնորդությունը:

Իսկ Քննչական կոմիտեից էլ ասացին՝ միջնորդություն ստացվել է, սահմանված ընթացակարգով կքննարկվի։


Վահե Մակարյան