Քանի հավանականություն կա, որ կարող է քաղաքացի հայտնաբերվել, ծանր տեխնիկա չենք կիրառի․ ԱԻ նախարար

Այս պահին աշխատանքները շարունակվում են, ամբողջ գիշեր աշխատել ենք, այս պահին ունենք պատկեր, ըստ որի՝ կա 16 զոհ և 17 անհետ կորած։ Անհետ կորածներից մեկի մասին տեղեկություն ենք ստացել, որ երկրում չէ, խոսքը ՀՀ քաղաքացու մասին է։ Այս մասին այսօր «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Հրդեհ չկա, հետևաբար, հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվում, հովացման աշխատանքներ ենք կատարում, ինչքան մաքրում ենք փլատակները, այդքան փոքր օջախներ են բռնկվում նաև ծխի տեսքով, և կարելի է ասել, որ ամբողջ ծավալով մենք իրականացնում ենք որոնողափրկարարական աշխատանքներ», - ասաց նա։

Հարցին, թե հիմնականում ինչպե՞ս են իրականացվում որոնողափրկարարական աշխատանքները՝ նախարարը պատասխանեց՝ «Քանի դեռ հավանականություն կա, որ կարող է քաղաքացի հայտնաբերվել փլատակների տակ, մենք ծանր տեխնիկա չենք օգտագործում, հնարավորինս մաքրում, բացազատում ենք տարածքը, փրկարարները դիտարկում են իրականացնում, որից հետո միայն ծանր տեխնիկա է օգտագործվում»։

Լիաննա Թորոսյան