Ո՞ւմ է ընդդիմությունը դիտարկում որպես Արցախի նախագահի թեկնածու

Արցախում նախագահի ընտրության առաջին փուլը կկայանա սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ արտահերթ նիստում։ Երեկվանից սկսվել է թեկնածուների առաջադրումը, որը կավարտվի ամսի 7-ին։ Մինչ այս պահը որևէ խմբակցություն թեկնածու չի առաջադրել։
Արդյո՞ք բոլոր խմբակցություններն առանձին-առանձին իրենց թեկնածուին են առաջադրելու, թե՞ միասնական թեկնածու, այնուամենայնիվ, կլինի։ Հարցի պատասխանը MediaHub.am-ը փորձեց ճշտել՝ զրուցելով Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանի հետ։
Նրա խոսքով՝ այս պահին քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում ինչպես կուսակցությունների միջև, այնպես էլ ներկուսակցական մակարդակով։
«Այսօր, վաղը ընդդիմությունը վերջնական որոշում կունենա և կհայտարարի՝ արդյո՞ք միասնական թեկնածուով է հանդես գալու, թե ոչ։ Կարծում եմ մեծ է հավանականությունը, ու շատ լավ կլինի, որ առաջադրվող թեկնածուն լինի կոնսենսուսային, ու ոչ միայն ընդդիմության մակարդակով։ Այդ դեպքում կստացվի, որ բոլոր ուժերը կենտրոնանում են այդ թեկնածուի շուրջ»,- նշեց Հակոբյանը:
Նա հրաժարվեց այս պահին որևէ անուն տալ՝ նշելով, որ դեռ որևէ հստակ բան չկա, թե ում շուրջ են ընթանում քննարկումները։
«Այս պահին որևէ կոնկրետ թեկնածուի մասին խոսելը վաղ է։ Շուտով ամեն ինչ պարզ կդառնա։ Բայց, կարծում եմ, որ նորանշանակ պետնախարարը նույնպես կարող է հավանական թեկնածու լինել։ Այդ մասին էլ այս պահին դեռ հստակ տեղեկություններ չկան»,- նշեց նա։
Անդրադառնալով Արցախի ներքաղաքական վիճակին՝ Հակոբ Հակոբյանը նշեց, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո կրքերը հանդարտվել են։
«Այդ հրաժարականը նոր շանսի ակնկալիքներ է առաջ բերել։ Եվ հիմա քաղաքական դաշտում եղած բոլոր գործիչներն ու ուժերը պետք է առաջնորդվեն տեսակետով, որ չպետք է մսխեն եղած հնարավորություններն ու հիասթափեցնեն շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիներին»,- ամփոփեց խոսքը Հակոբ Հակոբյանը։
Նարե Գնունի