ԱԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանի նոկաուդով տպավորիչ հաղթանակը թուրք մրցակցի նկատմամբ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում անցկացվող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում երկրորդ հաղթանակը տարավ Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը:
86 կգ քաշայինների 1/8 եզրափակիչում նա մենամարտեց Թուրքիայի ներկայացուցիչ Հական Կոչի հետ եւ հաղթանակի հասավ նոկդաուններով ժամանակից շուտ:
Առաջին ռաունդում Ռաֆայել Հովհաննիսյանը հիմնականում պաշտպանվում էր, նրա հարվածները չէին հասնում նպատակին: Այս ռաունդում մրցավարները չնչին տարբերությամբ միավորների առավելությունը տվեցին թուրք բռնցքամարտիկին:
Երկրորդ ռաունդում Եվրոպայի փոխչեմպիոնն ավելացրեց ճնշումը եւ երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին: Մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ Ռաֆայել Հովհաննիսյանի տպավորիչ հաղթանակով, փոխանցում է news.am-ը:
Ռաֆայել Հովհաննիսյանը պայքարը սկսել է 1/16 եզրափակիչից, որտեղ 4:1 հաշվով պարտության էր մատնել Իսրայելի ներկայացուցիչ Յան Զաքին:
Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ է դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը։
Մայիսի 8-ին Մանասյանը 92 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում 5:0 հաշվով առավելության է հասել իրանցի Պուրիա Ամիրիի նկատմամբ եւ դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Նարեկ Մանասյանը 1/16 եզրափակիչում նոկադուններով ժամանակից շուտ հաղթանակի էր հասել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Մբանգի Մուկիենայի նկատմամբ:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին քառորդ եզրափակիչ է դուրս եկել նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը (63,5 կգ)։