Պահանջում ենք հիմնական դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ

Պահանջում ենք հիմնական դերակատարներից չսպասել լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական քայլերի․ Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է․

Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին օրերին նկատվում է Արցախի հարցի հանդեպ միջազգային ուշադրության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման նշանակալի աճ: Մասնավորապես՝

• Ողջունելի է, որ, հաշվի առնելով նաև Արցախի Հանրապետության իշխանությունների հորդորները, Հայաստանի Հանրապետությունը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը հարկադրված լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ ԱԽ արտահերթ նիստ գումարելու հայցով: Կարևոր է, որ նամակում պաշտոնապես ընդգծվում է նաև ցեղասպանության կանխարգելման նպատակը:

• Ողջունելի է նաև ՄԱԿ-ի մի խումբ փորձագետների հայտարարությունը, որով ընդգծում են Լաչինի միջանցքի բացման և բոլոր անհատների անվտանգության, արժանապատվության ու բարօրության ապահովման հրատապ անհրաժեշտությունը:

• Ակնհայտ է, որ միջազգային հանրությանն ուղղված իմ վերջին ուղերձը և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյի զեկույցը մեծ արձագանք են գտել միջազգային լրատվամիջոցներում: Արդյունքում, տասնյակ առաջատար լրատվամիջոցներ անդրադարձել են առկա իրավիճակին և ներկայացրել Արցախի իշխանությունների ու առաջատար փորձագետների գնահատականներն ու կոչերը ընթացող ցեղասպանության վերաբերյալ:

• Կարևոր փորձագիտական կարծիք ու հորդոր էր պարունակում նաև հայտնի ցեղասպանագետների հայտարարությունը, որը շեշտադրում է անհապաղ և վճռական գործողությունների անհրաժեշտությունը՝ կանխելու ցեղասպանությունը Արցախի ժողովրդի հանդեպ:

Իհարկե, այս և ավելի վաղ օրերին արվել են նաև այլ հայտարարություններ մի շարք միջազգային կազմակերպությունների ու պետությունների ներկայացուցիչների կողմից, որոնցում տեսանելիորեն աճում է միջազգային գործնական քայլերի կատարման հրատապության ընկալումը: Անշուշտ, ժամանակը շատ կարևոր է մեր ժողովրդի համար, և հապաղումն արժենում է մարդկային կյանքեր ու տառապանքներ:

Մենք հորդորում և պահանջում ենք բոլոր հիմնական դերակատարներից չհապաղել և չսպասել ավելի լայնածավալ ողբերգությունների՝ անցնելով գործնական ու արդյունավետ քայլերի՝ այս ցեղասպանության հետագա ընթացքը կասեցնելու համար: